Իսկական տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնում
«Սեքսը Աստծո պարգեւն է, բայց եթե այն օգտագործում ես վնասելու համար, կարող է վերածվել զենքի, որը թեեւ ոչինչ չարժե, բայց նույնքան կործանարար է, որքան ռումբը: Սեռական բռնությունը հանցանք է, որը շարունակվում է լռության պատճառով, եկեք կոտրե՛նք այդ լռությունը»: Այս խորագիրն էր կրում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակում օրերս «Մոսկվա» կինոթատրոնում բացված ցուցահանդեսը եւ ցուցադրված կարճամետրաժ ֆիլմերը: Արվեստագետներին եւ ակտիվիստներին այս անգամ միավորել էր «Կանանց ռեսուրսային կենտրոնը»:
Բռնության ենթարկված աղջկա պատկերած նկարչուհի Լուսինե Վայաչյանի հերոսը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ չի կարող դիմել ո՛չ ծնողին, որովհետեւ իրեն կմեղադրեն, եւ ո՛չ էլ դատարան: «Կինը չի դիմում դատարան, որովհետեւ ամոթ է եւ բռնաբարության վերաբերյալ գործերում կնոջն այնքա՜ն են կեղտոտում: Շատերին գիտեմ, որ վերջին տարիներին դիմել են դատարան, ու կեսից գործը ետ վերցրել: Մեր հասարակությունը տհաս է, եւ այդ նույն հասարակությունը նպաստում է մարդկանց «ինվալիդ» դառնալուն: Առաջնորդվելով «ասեղը եթե չուզի, թելը չի թելվի» սկզբունքով, հասարակությունը շատ կանանց կյանք է կործանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նկարչուհին ու հավելում. «Անպատժելիությունը ծնում է հանցագործություն: Պետք չէ աչք փակել, փոխարենը պետք է մտածել, որ նույն իրավիճակում կարող է հայտնվել հարազատ աղջիկը, քույրը, թոռը կամ մայրը»:
«Մեզ մոտ չկա պետական, հասարակական չկայացվածության բարդույթ, որը պետք է հաղթահարենք, կա մեծամտություն, ինքնահավանություն, սեփական անձը բացառիկ կարեւորությամբ օժտելու հակում, չենք հասկանում, որ մեր երկրի իրական ուժը փոխադարձ հարգանքն է ու բոլոր իրավունքների պաշտպանությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը ու հիշում. «Երբ 20 տարի առաջ վերադարձա Հայաստան, այնպիսի շրջան էր, երբ գիտակցությունը չկար, եւ ազգը բանավիճում, միասնանում էր այլ հարթության մեջ, ցավ եմ ապրում, որ 20 տարի անց էլ դեռ նույն վիճակում ենք»: Քաղաքական գործիչը, սակայն, հուսով է, որ մի օր կունենանք այնպիսի իրականություն, որ գենդերային եւ այլ ասպարեզներում պետական քաղաքականությունը ոչ թե կմնա թղթի վրա, այլ ունենա կիրառում իրական կյանքում: «Տղամարդը պետք է տղամարդ լինի ոչ միայն կենացներ արտասանելով, այլ նաեւ դիմացինին հարգելով: Իսկական տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնում»,- նշում է պատգամավորը: Նրա կարծիքով՝ այս բնագավառում Հայաստանում, բացի օրենքի հայեցակարգի բաց կողմերից, կա նաեւ օրենքը իրական կյանքի վերածելու հրամայական:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, խոսելով ընտանեկան բռնության մասին, նշեց, որ ԱՄՆ-ում ամեն տարի 5 մլն կին զոհ է դառնում ընտանեկան բռնության, իսկ կանանց 25%-ը բռնաբարվում կամ ոտնձգության է ենթարկվում ընտանիքում. «Հայաստանում չկան կոնկրետ թվեր, բայց համոզված եմ, որ այս առումով հայաստանյան տվյալներն այնքան չեն տարբերվի»: Դեսպանի խոսքով՝ նախեւառաջ պետք է լռությունը կոտրել, սակայն «Բռնության ենթարկված կինը, ցավոք, այս դեպքում հայտնվում է «տուն քանդողի» կարգավիճակում»:
Աստվածաբան, մանկավարժ Արաքս Ներկարարյանի աշխատանքներում էլ ներկայացված էր բռնություն կրոնի հանդեպ: «Ցանկանում եմ, որ մարդիկ ինչպիսի սիրով ու հոգածությամբ վերաբերվում են իրենց երեխաներին, այնպես էլ իրենց Աստծուն վերաբերվեն»,- մեզ հետ զրույցում ասում է Ա. Ներկարարյանը: Նկարչուհին կարծում է, որ հայ ընտանիքներում անպակաս է հոր կամ եղբոր կողմից աղջկան բռնության ենթարկելը եւ դրանում նախեւառաջ մեղադրում է զավակներին դաստիարակող մայրերին. «Մեր հասարակությունը տղային դաստիարակում է որպես տիրակալ, նա ամեն ինչ կարող է անել, ամեն մեկի վրա ձեռք բարձրացնել: Կինը պետք է կարողանա իր ձայնը, բողոքը բաձրացնի, իր մեջ արթնացնի այն գերբնական ուժը, որ ամփոփված է ամեն կնոջ մեջ»: