Կամ ինտելեկտուալ հումոր՝ ըստ ռեժիսորի
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրերս կայացավ «Շրջազգեստով գեներալները» 2 գործողությամբ կատակերգության պրեմիերան՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի համանուն պիեսի: Այն բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Ներկայացմանը մասնակցում է թատրոնի բալետային խումբը: Բեմադրությունը սիրո պակասի պատճառով կնոջ եւ ամուսնու դժոխքի վերածված կյանքն է. հերոսները հայտնվել են դատարանում: Ամուսնու՝ Լեոն դե Սեն-Պեի դերում Արթուր Կարապետյանն է, կնոջը՝ Ադային, մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Մարիամ Ղազարյանը: Լեոնը կնոջ կողմից մեղադրվում է ոչ միայն իրենց տանը ծառայության անցած չամուսնացած սպասուհուն պատվազրկելու եւ հղիացնելու, այլեւ առանց դրդապատճառի իրեն բռնաբարելու մեջ: Ադան պահանջում է, որ դատարանը նրան պատժի օրենքի ամբողջ խստությամբ ու զրկի տղամարդկային «հպարտությունից»: Մեղադրանքները, սակայն, հօդս են ցնդում, որովհետեւ դատարանում ո՛չ դուստրը, ո՛չ մայրը չեն պաշտպանում Ադային: Սպասուհու երեխան էլ, պարզվում է, փոքրիկ սենեգալցի է:
Կատակերգությունը հետաքրքիր ենթատեքստեր ունի. օրինակ՝ ինչի կարող է հաճախ հանգեցնել ֆեմինիզմը, երբ հասարակությունը սկսում է շեղվել, կամ ինչպես է կին եւ տղամարդ հարաբերությունն ազդում երեխաների հոգեբանության վրա: Ռեժիսորը չի պաշտպանում ամուսիններից ոչ մեկին, այլ թողնում է, որ հանդիսականը ստեղծված իրավիճակից ինքը ելք փնտրի: «Մարդիկ, սիրե՛ք իրար, ամուսիններ, ամուսնանալուց առաջ երկար մտածեք, երեխաներին էլ մի կոտրեք»,- սա է ներկայացման բուն ասելիքը:
Բեմադրությունը դահլիճի կողմից միանշանակ չընդունվեց: 70-ամյա հանդիսականներից մեկի՝ մշտապես թատրոն հաճախող Ժորա Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը ավելի շուտ ողբերգություն էր, քան կատակերգություն. «Վուլգարիզմը շատ էր հատկապես ատենակալուհիների մոտ: Բաներ կան՝ չպետք է արտահայտել, հրապարակել, անընդհատ շեշտել հոմոսեքսուալիզմ, հետույք, ի՞նչ է տալիս դա»: Դ. Հարությունյանը այս կարծիքին նորմալ է վերաբերվում եւ գտնում է, որ կարողացել է ամեն ինչը էսթետիկորեն մատուցել: «Եթե վուլգարիզմից խոսենք, հիմա մեր բեմերում այնպիսի՜ բաներ են բեմադրվում: Այդ նույն հանդիսատեսը 5000 դրամ է տալիս՝ գնում է պոռնոգրաֆիա նայելու: Եվ եթե երեք կին դատավորները պիեսում լեսբուհիներ են, դա ամենեւին էլ ամոթ չէ: Մեր հանդիսատեսը երբ լսում է կատակերգություն, մտածում է միայն՝ հա-հա-հա, փորը բռնի, ընկնի աթոռից: Սա այդ կոմեդիան չէ, նախ ինտելեկտուալ դրամատուրգիա է, իսկ «Շրջազգեստով գեներալները» ինտելեկտուալ հանդիսատեսի ներկայացում է: Հիմա մտածել կարողացող մարդկանց հարցին մի քիչ ուրիշ ռակուրսից նայելու հումորի շրջանն է»,- ասում է ռեժիսորը: Դ. Հարությունյանը գտնում է, որ երաժշտական թատրոնի ժանրը ամենաթանկն է եւ այն ավելի մեծ ճգնաժամ է ապրում, քան թատրոնն առհասարակ. «Երեւանում մատների վրա ունենք արտիստներ, որոնք կկարողանան ոչ թե փայլուն, այլ գոնե լավ երգել, պարել եւ խաղալ, այդ «շկոլան» մեզ մոտ չկա»: