Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԵՎ «ՍԵՔՍՈՒԱԼ ԱՊԱՍՏԱՆԻ» ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 08,2009 00:00

«Լույսը կբացվի» մոնոներկայացումը հաջողված էր

\"\"

Վերջերս Կամերային երաժշտական թատրոնում կայացավ «Լույսը կբացվի» մոնոներկայացման պրեմիերան: Սա այն հազվադեպ ներկայացումներից էր, որտեղ, այսպես ասած, երեք երանի էին մեկտեղվել՝ Կարինե Խոդիկյանի հրաշալի պիեսը, Կարինե Ջանջուղազյանի տպավորիչ խաղը եւ Արթուր Սահակյանի ռեժիսորական ինքնատիպ լուծումները: Այնպես որ, արդյունքը փոխհատուցում էր թափված ջանքերը: Մոնոներկայացումների ժամանակ հանդիսատեսը հաճախ ձանձրանում է, հոգնում, իսկ այս դեպքում 1 ժամ 20 րոպեանոց ներկայացումը գնաց մեկ շնչով: Հանդիսատեսն էլ հուզվեց դերասանուհու հետ, զայրացավ, կարեկցեց, վերջում էլ համակվեց լավատեսությամբ, ու յուրաքանչյուրն իր հետ տարավ իրեն պետք եկած հույզը՝ համապատասխան հետեւություններ անելով:
Ճաշակով ձեւավորված հրավիրատոմսի վրա կարդում ենք, որ պիեսը միտումով եւ նպատակամղված գրել է Կարինե Խոդիկյանը: Ի դեպ, դրամատուրգը տարբեր առիթներով նշել է, որ այն գրել է հատուկ Կարինե Ջանջուղազյանի համար՝ քաջ պատկերացնելով նրա հնարավորությունները: Հիմքում ռոմանտիկ սիրային պատմություն է, որ վերածվում է ամուսնական երջանկության, վերջում էլ՝ փլուզվում: Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ տղամարդիկ են հակված դավաճանելու եւ «սեքսուալ ապաստան» գտնելու սիրուհիների գրկում: Այդպես մի օր էլ մոնոներկայացման հերոսուհու ամուսինն է հայտարարում, որ ինքն ազնիվ է եւ չի կարող կնոջը խաբել, ուստի տեղափոխվում է ուրիշի մոտ՝ հուսալով, թե կինը, ուժեղ եւ խելացի մարդ լինելով, իրեն ճիշտ կհասկանա եւ կդիմանա կյանքի այդ հարվածին: Սովորաբար նման դեպքերում կանայք կամ ազատություն են տալիս արցունքներին ու ինքնամեկուսանում, կամ էլ՝ չարանում: Ջանջուղազյանի հերոսուհին էլ մի պահ այդպես է մտածում. «Ութ ժամուկես է, ես լքված կին եմ, ութ ժամուկես է, իմ ամուսինը սրիկայի մեկն է…»: Բայց հետո, ի տարբերություն իր շատ բախտակիցների, ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ճանապարհ է ընտրում. գիշերվա կեսին որոշում է իրեն անցյալի հիշողությունների հետ կապող իրերից մի մեծ խարույկ սարքել այն շենքի պատուհանի մոտ, որտեղ սիրուհու հետ քնած էր ամուսինը: Իհարկե, հետո պարզվում է, որ դա ամենեւին էլ ամուսնու պատուհանը չէ, որովհետեւ ինքը խառնել էր շենքը, բայց դա էական չէ, կարեւորն այն է, որը կինը կատարել էր հիշողության խորհրդանշական սպանության ծեսը եւ հիմա ամենեւին էլ չարացած չէ: Նա գիտակցում է, որ սիրած տղամարդու հեռացումով կյանքը չի ավարտվում, ու ամեն գիշերից հետո բացվում է լույսը, որ ով գիտե՝ ինչ անակնկալներ դեռ կարող է մատուցել:
Ուրեմն՝ կեցցե լավատեսությունը, որին ապավինում է խռոված հոգին, ու կեցցեն լքվածի բարդույթից ձերբազատված կանայք:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝
ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ

Հ. Գ. «Լույսը կբացվի» մոնոներկայացումը կարելի է դիտել նաեւ դեկտեմբերի 11-ին եւ 18-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել