ՍՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովին կվերադարձնեն Pontiac Grand Prix ավտոմոբիլը, որը նրան էր նվիրել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը», հղում կատարեով Pontiac-ի ներկայիս տիրոջ՝ «Մետրոպոլ» ընկերությունների խմբի նախագահ Միխայիլ Սլիպենչուկի հայտարարությանը: Սլիպենչուկի խոսքերով՝ ավտոմեքենան Գորբաչովին կհասնի 2010-ի մարտ ամսին: Նա ասել է նաեւ, որ մեքենան նորմալ վիճակում է ու կդառնա Միխայիլ Սերգեեւիչի ծննդյան օրվա նվեր:
Երբ Գորբաչովը ստացավ Ռոնալդ Ռեյգանից այդ նվերը, նա իր պաշտոնի բերմամբ իրավունք չուներ անձնապես օգտագործելու թանկարժեք ընծան եւ այն հանձնեց ԱԶԼԿ-ի (Լենինյան կոմերիտմիության անվան ավտոմեքենաների գործարանի) թանգարանին: 2002 թվականին պարտքերի պատճառով ԱԶԼԿ-ի թանգարանում եղած մեքենաների վրա կալանք դրվեց: Բոլոր մեքենաները, այդ թվում «Պոնտիակը», բռնագանձվեցին: Ճիշտ է, ավելի ուշ դատական կատարածուները վերադարձրեցին ցուցանմուշները ԱԶԼԿ-ի թանգարանին: 2006 թվականին «Մետրոպոլ» ընկերությունների խումբը աճուրդում գնեց «Մոսկվիչ» ԲԲԸ-ի գույքը: Ավտոմեքենաների ողջ հավաքածուն Միխայիլ Սլիպենչուկը իր սեփական փողերով ձեռք բերեց: Ավելի ուշ գրեթե բոլոր մեքենաները փոխանցվեցին ռետրո-մեքենաների մոսկովյան թանգարանին: Միակ բացառությունը Pontiac Grand Prix-ն էր, որը Սլիպենչուկը որոշեց թողնել իրեն: Եվ հիմա արդեն որոշել է նվիրել այդ մեքենայի իրական տիրոջը: