Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայում նախագահի ընտրությունները վերջնականապես տապալվեցին

Դեկտեմբեր 08,2009 00:00

Մոլդովայում արդեն երկրորդ անգամ տապալվում է թեկնածուին նախագահի պաշտոնում հաստատելու փորձը: Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նոր իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Մարիան Լուպուի թեկնածության կողմ է քվեարկել ընդամենը 53 պատգամավոր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ նկատելով, որ նախագահ դառնալու համար Լուպուին հարկավոր էր ամենաքիչը 61 ձայն:
Հիշեցնենք, որ այս երկրում նախագահ են ընտրում խորհրդարանական ուժերը:
Լուպուին հաստատելու համար իշխող կուսակցության սեփական ձայները չէին բավարարում, իսկ Մոլդովայի կոմունիստների կուսակցության պատգամավորները, որոնք վերջին պառլամենտական ընտրությունների արդյունքում ընդդիմություն դարձան, հրաժարվեցին նրա թեկնածությանը հավանություն տալ: Նախկին ընկերները նրան դավաճանության մեջ են մեղադրում: Հիշեցնենք, որ Լուպուն մինչեւ հուլիսյան ընտրությունները լքեց կոմունիստներին եւ անցավ նրանց քաղաքական հակառակորդների շարքերը:
Նախագահի թեկնածության երկրորդ քվեարկության տապալումը նշանակում է, որ հիմա, համաձայն Սահմանադրության, երկրի խորհրդարանը կլուծարվի, եւ Մոլդովայում կնշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ: Ճիշտ է, նկատի ունենալով, որ պառլամենտը տարվա մեջ երկու անգամ լուծարել չի կարելի, այս խորհրդարանը կշարունակի իր աշխատանքները մինչեւ 2010-ի հունիս ամիսը:
Իր հերթին իշխող կոալիցիան, որի կազմի մեջ չորս կուսակցություն է մտնում, քանիցս հայտարարել է, որ ծրագրում է փոփոխություն մտցնել նախագահական ընտրությունների ներկայիս համակարգում: Կամ այնպես անել, որ թեկնածությունը հաստատելու համար բավարար լինի ձայների պարզ մեծամասնությունը, կամ վերջնականապես անցնել նախագահի համաժողովրդական ընտրակարգին:
Քաղաքական ճգնաժամն այս երկրում արդեն մեկուկես տարի է ձգվում: Նախագահ ընտրելու կոմունիստների փորձը 2009-ի գարնանը տապալվեց՝ ընդդիմության բոյկոտի պատճառով, սակայն հուլիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ուժերի նոր վերադասավորությունը այդպես էլ թույլ չտվեց կողմերից որեւէ մեկին վերջնական հաղթանակ տոնել հակառակորդների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել