ԼԵՎՈՆՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԽՓԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.00-ին, Կիեւյան եւ Օրբելի եղբայրների փողոցների խաչմերուկում 1986թ. ծնված Գուրգեն Ա.-ի վարած ՎԱԶ-21723 մակնիշի ավտոմեքենան բախվել է դերասան Խորեն Լեւոնյանի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով վերջինիս ուղեւորը՝ 1986 թ. ծնված Մերի Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
ԱՐՁԱԿԱԳԻՐԸ ԶՈՀՎԵԼ Է
Կիրակի օրը, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ Հովհաննես Մելքոնյանին: Ըստ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության, արձակագիրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 23.15-ին, գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
ԻՆՍՈ՞ՒԼՏ Է ՏԱՐԵԼ
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայում հոսպիտալացվել է 74-ամյա Արմեն Ջիգարխանյանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտ տանելուց հետո: Այժմ նա գտնվում է Մոսկվայի էլիտար վերականգնողական կենտրոններից մեկում: Միեւնույն ժամանակ, դերասանի մտերիմ ընկերներից մեկը հայտնել է, թե Ջիգարխանյանը պլանային ստուգում է անցնում մայրաքաղաքային կլինիկաներից մեկում տոներից եւ ԱՄՆ շրջագայությունից առաջ: