Տասը տարի անց, երբ նորից մտա Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, տեսա բոլորովին փոխված նոր դպրոց՝ սկսած դպրոցի ե՛ւ արտաքինից, ե’ւ ներքին կահավորումից, որով մարդ կարող է միայն հիանալ։ Դասարանների ու կաբինետների կահավորում՝ նոր, շքեղ ձեւով, ջեռուցում՝ գազիֆիկացման նոր համակարգով, գործող սանհանգույցով։ Այս ամենը կատարվել է հովանավորների ու ՀՀ կառավարության ներդրումների շնորհիվ, թարմացվել է մանկավարժական կոլեկտիվի կազմը, համալրվել նոր, երիտասարդ կադրերով, որոնց մեծ մասն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն։
Դպրոցի տնօրեն Աննա Արսենյանին հանդիպեցի միջանցքում, հերթապահ ուսուցիչների հետ դասամիջոցին հսկում էին աշակերտների կարգապահությունը։
Իմ ղեկավարած նախկին դպրոցը լրիվ փոխվել էր, նոր շունչ էր առել, միայն պակասել էր տղամարդ ուսուցիչների ու աշակերտների թիվը: Աշակերտները նախկին 700-750-ի փոխարեն այժմ ընդամենը 364-ն են։
Դպրոցի միջանցքները կահավորված են նշանավոր մարդկանց նկարներով, պատի թերթի համարներով, կրթությանը ու դաստիարակությանը նվիրված ասույթներով։
Ժամանակին կատարվում են ոչ միայն արտադասարանային խմբակի պարապմունքները, այլեւ հոբելյանական օրերին նվիրված միջոցառումները։ Ականատես ու մասնակից դարձա Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը։ Վերջերս ՀՀ կառավարության եւ Վորլդ-Վիժն կազմակերպության հաշվին դպրոցն ապահովվեց 10 ժամանակակից հզոր համակարգիչներով։ Կաբինետի վարիչ տիկին Գ. Հովհաննիսյանը շատ էր ուրախացել, քանի որ հին ռուսական համակարգիչները փոխվեցին նորերով։
Պայմաններն իրոք շատ լավն են, որպես դպրոցի նախկին տնօրեն՝ ոչ միայն շնորհավորում եմ այս ամենի համար, այլեւ հաջողություններ ցանկանում կոլեկտիվին ուսման ու դաստիարակության գործում, որպեսզի նրանք կարողանան շարունակել Մաստարայի միջնակարգ դպրոցի լավագույն ավանդույթները, գերազանցեն այն։