Այն բանից հետո, երբ դեռ շաբաթ օրը ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը անհրաժեշտ էր համարել երկրի բոլոր կրթօջախներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում եւ բուհերում, անմիջապես դադարեցնել դասապրոցեսը եւ բոլորին տուն ուղարկել՝ գրիպի աննախադեպ վարակի դեմն առնելու համար, երեկ ողջ օրը բոլորն անհամբեր սպասում էին, թե ինչ վճիռ կկայացվի այդ կապակցությամբ: Երեկ արդեն շատ դպրոցներում երեխաների բացակայությունները կազմում էին 30-80 տոկոս: Ի դեպ, դպրոցներում շատ տարածված է նաեւ ջրծաղիկն ու քութեշը:
Կեսօրին բոլոր լրատվական կայքերը հաղորդում էին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խորհրդակցության են մասնակցելու, որից հետո կընդունվի որոշում: Ի վերջո, երեկոյան տեղեկացանք, որ որոշումն ընդունված է. ՀՀ ԿԳ նախարարը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը, հրաման է ստորագրել, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը (ներառյալ) ՀՀ բոլոր նախակրթական եւ հանրակրթական դպրոցները, անկախ կազմաիրավական ձեւից, դադարեցնում են իրենց ուսումնական գործունեությունը:
Բարձրագույն եւ միջին ու նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին այս հրամանով ոչինչ չի ասվում:
Նկատենք, որ շատ բուհերում ընթանում են միջանկյալ քննությունները, իսկ դպրոցներում էլ երեկ սկսվել էին ԳԹԿ-ի կողմից անցկացվող ընթացիկ գնահատումները:
Ամեն դեպքում նախակրթական եւ հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 28-ից եւ կտեւեն մինչեւ հունվարի 10-ը: