Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ Է ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ

Դեկտեմբեր 08,2009 00:00

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Անաչառ ԶԼՄ-լրատվություն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ» ծրագիրը: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում նախատեսված էր քննարկում Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների խմբագիրների մասնակցությամբ, սակայն ոչ մի խմբագիր քննարկմանը ներկա չէր:
Մոնիտորինգն իրականացվել է 2 փուլով: Առաջինը 2008-ի սեպտեմբերի 15-նոյեմբերի 15-ն էր: Երկրորդը 2009 թվականի հոկտեմբերի 1-31-ը: Այս անգամ մոնիտորինգը ընդգրկել է մեկ ամիս ժամկետ: Այս տարի էլ հետազոտության են ենթարկվել ադրբեջանական «ITV», «AzTV», «ANS», «Լիդեր» հեռուստաընկերությունները, թերթերից՝ «Ազերբայջան», «Ենի Մուսավաթ», «Զերկալո» եւ «525»: Հայկական հեռուստաընկերություններից՝ «Հ1», «ԱԼՄ», «հ2», «Շանթ», թերթերից՝ «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Գոլոս Արմենի», «Ազգ»: Այս տարի էլ ինտերնետային կայքերը մոնիտորինգի չեն ենթարկվել: Մոնիտորինգի առարկա են դարձել այն նյութերը, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Ադրբեջան-Հայաստան թեմային: Նախորդ տարվա հետազոտության համեմատությամբ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի ակտիվ են լուսաբանվել: Եթե 2008-ին հայկական լրատվամիջոցներում 2 ամիսների ընթացքում այս հարցի մասին եղել է 1684 նյութ (13.9 տոկոսը՝ հեռուստատեսությամբ, 13.6 տոկոսը՝ մամուլում), ապա 2009-ին միայն մեկ ամսվա տվյալով՝ 1276 հիշատակում է եղել (18.8 տոկոսը՝ հեռուստաալիքներում եւ 21.3 տոկոսը՝ թերթերում): Պատկերը գրեթե նույնն է նաեւ Ադրբեջանում. 1978 հիշատակում (14.1 տոկոս՝ հեռուստաընկերություններ եւ 8.3 տոկոս՝ մամուլ):
Հայկական լրատվական դաշտում հայ-ադրբեջանական թեմայի վերաբերյալ նյութերով մրցակցությունից դուրս է եղել «Գոլոս Արմենին», իսկ Ադրբեջանում՝ ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթը:
Հայկական լրատվամիջոցներում հայ-թուրքական հարաբերությունների մասին թեմայի ակտիվացման հետ մեկտեղ ակտիվացել է նաեւ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների թեման: Լայն լուսաբանում լրատվամիջոցներում սկսվել է հատկապես հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Հետազոտության մեջ նշվում է, որ բազմաթիվ հիշատակումներ են եղել այն մասին, որ արձանագրությունների ստորագրումը ազդել է Ադրբեջանի եւ Թուրքիայի «եղբայրական» հարաբերությունների վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղը ոչ կոնֆլիկտային համատեքստում թեման, ինչպես եւ սպասվում էր, արդեն 2 տարի outsider է Ադրբեջանում: Իսկ Հայաստանում միանշանակ ավելի խորն է լուսաբանվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել