Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի իրական պատկերը

Դեկտեմբեր 08,2009 00:00

      Հայացք ներսից

Չնայած հանրակրթական դպրոցներում պարբերաբար իրականացվող բարեփոխումներին՝ իրականությունն այն է, որուսուցիչները, սիրելով իրենց մասնագիտությունը, հիասթափվում են իրենց աշխատանքից, ինչի հիմնական պատճառը ղեկավար մարմինների եւ դպրոցների տնօրենների վարած սխալ քաղաքականությունն է: Դպրոցներում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն հաղթահարվում ինչպես կարգապահության, այնպես էլ՝ սովորելու խնդիրները: Հիմնական պատճառներից է այն, որ լճացման տարիներին արմատավորված աշխատաձեւերը իներցիայով շարունակվում են նաեւ հիմա: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը հիմա էլ արհեստականորեն բարձրացնում է աշակերտների գնահատականները, ապահովելով թվացյալ բարձր առաջադիմություն, մյուս մասն առհասարակ խուսափում է անբավարար նշանակելուց, որպեսզի չհայտնվի տարբեր պատմությունների մեջ, ոմանց էլ թվում է, թե միայն իրենք իրավունք ունեն կիսամյակային եւ տարեկան »անբավարարներ« նշանակել:
Օբյեկտիվ չգնահատելու պատճառներից է նաեւ դպրոցներում արմատավորված այն երեւույթը, երբ տնօրինությունը, դասղեկները եւ այլ ուսուցիչներ իրենք են խնդրում բարձրացնել աշակերտների գնահատականները:
Տնօրենների մեծամասնությունը չի կիրառում օրենքի ամբողջ խստությունը կարգազանց աշակերտների նկատմամբ: Թեեւ ոմանց հաջողվել է ստեղծել թվացյալ խստություն, բայց միայն այն աշակերտների նկատմամբ, որոնք «տանիք» կամ «թիկունք» չունեն, իսկ այն կարգազանց աշակերտների վրա, որոնք պաշտոնյաների, տնօրենի հովանավորների եւ այլոց շրջապատից են, տնօրենների «թափը» չի հերիքում:
Որոշ տնօրեններ, խուսափելով վրիժառու աշակերտներից, որոնք պատրաստ են հասցնել նյութական կամ բարոյական վնաս, կամ աշակերտների մոտ էժան հեղինակություն ձեռք բերելու նպատակով, փորձում են մեղադրել ուսուցիչներին (երբեմն աշակերտի ներկայությամբ), որ չեն կարողանում ապահովել դասաժամի ներքին կարգապահությունը, չգիտակցելով, որ ուսուցիչները պետք է միայն հետեւեն, այլ ոչ թե ապահովեն ներքին կարգապահությունը: Եվ միայն՝ երբ վիրավորվում է տնօրենի ինքնասիրությունը, պատրաստ են հեռացնել դպրոցից այդ աշակերտներին: Նման  պայմաններում գտնվող ուսուցիչները, որոնք կարող են միայն գնահատականի միջոցով ազդել կարգազանց աշակերտների վրա, ուսումնական տարեվերջում հայտնվում են նույն «վայ» տնօրինության հարվածի տակ, որոնք ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ ուղղել են տալիս իրենց հետաքրքրությունների տակ գտնվող աշակերտների գնահատականները: Ուսուցիչները, չզգալով իրենց թիկունքում տնօրինության խստությունը, երբեմն ստիպված դիմում են ֆիզիկական ուժի, որի համար ենթարկվում են քննադատության:
Այսօր շատ դպրոցներում բացակայում են աշակերտների համար նախատեսված ներքին կարգապահության կանոնները, եւ տնօրենը չի էլ պատկերացնում՝ դա ինչ է իրենից ներկայացնում, ով պետք է մշակի, ով`հաստատի: Հայտնի է դեպք, երբ տնօրենին հիշեցնում են այդ կանոնների անհրաժեշտության մասին, եւ նա հանձնարարում է ներքին կարգապահության կանոնները գրել մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչին (ջոկատավարին), որի պարտականությունների մեջ չի մտնում քաղաքականություն մշակելը: Ուսուցչի որակական հատկանիշները պարզելու նպատակով տնօրենները, փոխանակ մասնակցեն դասալսումներին, թույլ են տալիս իրենց օգտվել աշակերտների բջջային հեռախոսների միջոցով գաղտնի ձայնագրված կամ նկարահանված դասի ընթացքի նյութերից (որոշ դեպքերում տնօրենը ինքն է պատվիրում իրեն վստահելի աշակերտին նկարել կամ ձայնագրել դասը), այն դեպքում, երբ նույն տնօրենն արգելում է դպրոցում բջջային հեռախոսների օգտագործումը: Այն աշակերտները, որոնց մոտ դեռ չի ձեւավորվել պատվի հասկացությունը, առանց գիտակցելու կամ գիտակցելով կարող են իրենց վարքով միտումնավոր հունից հանել ուսուցչին, զայրույթի պահին նկարահանել նրան եւ ներկայացնել որպես անհավասարակշիռ անձնավորություն:
Քանի որ դպրոցների ֆինանսավորումը կատարվում է աշակերտների թվին համապատասխան, տնօրենները հանդուրժում են  անկարգապաh աշակերտներին, որոնց վարքը վարակի պես տարածվում է նաեւ մյուսների վրա: Եվ քանի որ յուրաքանչուր ուսուցչի համար դպրոցը վճարում է համապատասխան գումար, արդյունքում աշակերտներն ավելի մեծ արժեք են ձեռք բերում, քան ուսուցիչները: Նման մոտեցումները ավելի շատ վնաս են հասցնում դպրոցին, քան օգուտ, քանի որ անկարգապահ աշակերտների պատճառով, դպրոցից հեռանում են օրինակելիները:
Ինչպես ոչ հեռավոր անցյալում, այնպես էլ հիմա, ավարտական դասարանների աշակերտները, ծնողների եւ դասղեկների ակտիվ մասնակցությամբ, գումար են հավաքում «վերջին զանգի», ավարտական քննությունների շրջանում քննական հանձնաժողովին կերակրելու, ավարտական խնջույքի համար: Գումարի մի մասն էլ՝ ուսուցիչներին, դասղեկներին եւ տնօրինությանը տրամադրելու նպատակով (ամեն մեկին իր չափաբաժնով): Գումարի տրամադրումը ոմանց կողմից կարող է մեկնաբանվել որպես նվիրատվություն, բայց բանն այն է, որ այդ «նվիրատվությունը» բաժանվում է նշված անձանց պարտադիր ձեւով՝ մինչեւ տարեկան գնահատականները փակելը, այլ ոչ թե դպրոցն ավարտելուց հետո: Այս պարագայում կարելի է պնդել, որ այդ գումարը ընդամենը կաշառք է, որը հավաքվում է տնօրենի իմացությամբ:
Թեեւ դպրոցի կանոնադրությամբ դպրոցներում չեն թույլատրվում քաղաքական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը (գլուխ 1, կետ 9), դպրոցների տնօրենները առանց ամաչելու վարում են համապատասխան աշխատանք` ուսուցիչներին անդամագրելու քաղաքական կուսակցության մեջ, ստեղծելով դպրոցներում քաղաքական կուսակցության միավորումներ, անցկացնում կուսակցական ժողովներ, պարտադրում են ուսուցիչներին ներկա լինել դպրոցում նախընտրական քաղաքական քարոզ անցկացնող պաշտոնյա անձի (համայնքի ղեկավար, պատգամավոր) հետ հանդիպմանը, ապահովում են ուսուցիչների եւ որոշ դեպքերում նաեւ աշակերտների ներկայությունը նախընտրական քաղաքական հանրահավաքներին՝ համայնքի կամ քաղաքի հրապարակներում:
Ուսուցիչների զգալի մասը, չցանկանալով կորցնել աշխատանքը, կատարում է տնօրենի կամակատարությունները:
Վերը նշված պատճառներով խախտվում են դպրոցի աշխատողների տարրական իրավունքները, չեն ապահովվում դպրոցի ներքին կարգապահության կանոնները, աշակերտները վիրավորում են ուսուցիչների ինքնասիրությունը, ուսուցիչները չեն կարողանում ապահովել աշակերտների օբյեկտիվ գնահատումը:
Նման պայմաններում աշխատող այն ուսուցիչները, որոնք ղեկավարվում են օրենքի եւ մանկավարժի խղճի սկզբունքներով, կամ հեռանում են դպրոցից, կամ հալածվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել