ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գեւորգ եկեղեցու փլուզման փաստի առիթով Վրաստանի Հանրապետություն էր գործուղել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանին: Երեկ Երեւանում պարոն Սանամյանը հայտարարեց, որ Վրաստանում իրեն հանդիպած պետական այրերը լուրջ մարդիկ էին եւ հավաստիացրել են, որ պատրաստ են 2010-ի գարնանն ամբողջապես վերականգնել փլուզված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Հովհաննես Սանամյանը հանդիպել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանին, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության պետ Նիկոլազ Վաչեաշվիլուն, «Արխիտեքս» նախագծաշինարարական կազմակերպության ղեկավար Շալվա Մելիքիձեին:
«Առավոտը» եկեղեցու փլուզումից հետո այս թեմային անդրադարձել է մի քանի անգամ՝ նոյեմբերի 20-ին, 21-ին, 27-ին: Տեղեկացրել ենք, որ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության պետ Նիկոլազ Վաչեաշվիլին հավաստիացրել է, թե մտադիր են Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնել ամբողջությամբ, իր նախնական տեսքով: Հովհաննես Սանամյանը Վրաստանից վերադառնալուց հետո ասաց, որ «Սուրբ Գեւորգն աղյուսով կառուցված եկեղեցի է, մասնագետներն են նշում, որ գրեթե հնարավոր չէ նման կառույցները բերել նախնական տեսքի: Բայց աղյուսով կառուցված եկեղեցիները վերականգնվում են, ցանկության դեպքում կարող է ամբողջական վերականգնվել, գիտական տեսակետից՝ խնդիրներ չկան»:
Այժմ փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացվում: Հետո ներկայացվելու է վերականգնման էսքիզային նախագիծը: «Արխիտեքս» կազմակերպության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախագծային աշխատանքներում ընդգրկել նաեւ հայ մասնագետների:
Հովհաննես Սանամյանը հայտարարեց նաեւ, որ իր այցի ընթացքում վրացիների հետ քննարկել է միայն Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման հարցը: Ոչ այս, ոչ էլ հայկական մյուս եկեղեցիների իրավական կարգավիճակի եւ նման այլ հարցեր չի քննարկվել:
Սանամյանը չասաց՝ վերականգնվելուց հետո Մուղնեցոց Սբ. Գեւորգ եկեղեցին կգործի՞, թե՝ ոչ, այժմ այն մշակութային հուշարձան է դիտարկվում եւ վերականգնվում: «Մինչեւ կվճռվի հարցը, այն հուշարձան կհամարվի, սակայն մենք գիտենք, որ հայկական եկեղեցի է»,- նկատեց Հովհաննես Սանամյանը: