Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄԱԴՐԱՍԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Դեկտեմբեր 08,2009 00:00

\"\"Հայ ժողովրդի համար դարակազմիկ մի շարք իրադարձություններ կապված են հնդկահայ գաղութի հետ, հատկապես հնամենի Մադրասի եւ Կալկաթայի, որոնք իրենց մեջ նախանձախնդրությամբ ամբարեցին հայի միտքն ու ոգին:

1916-17 թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին կատարած ուղեւորության տպավորության տակ՝ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Գուշակյանը իր «Հնդկահայք» գրքի Մադրասին նվիրված բաժնում այսպիսի անդրադարձ է կատարել. «Այս մարզին մէջ է ահա, որ ծաղկեցավ հնդկահայ գաղութներուն ամենէն ուժեղն ու պատուականը, որուն պատմութիւնը ազգային տարեգրութեանց մէջ պիտի մնայ անմոռանալի էջ մը, իբրեւ \"\"յիշատակութիւնը քանի մը կարեւոր ձեռնարկներու, որոնք նորագույն ժամանակաց հայկական վերածնութեան ամենէն գեղեցիկ ազդակներէն հանդիսացան»:
Հիրավի, մեծ է Մադրասի դերը թե հնդկահայ գաղութի կյանքում եւ թե հենց Հնդկաստանի համար: Դեռեւս 17 -րդ դարում, ըստ Մեսրոպ Սեթի՝ 1666-ին, կանոնավոր ձեւավորված Մադրասի հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի ներքին կյանքում՝ մասնակցելով կառավարմանն ու բարեկարգմանը, շինարարական աշխատանքներին: Այս առումով հիշարժան է երկու կարեւոր ու հետաքրքրական փաստ. մինչ անգլիացիների Հնդկաստան մտնելը՝ Չին Փաթայի (թարգմանաբար՝ փոքր ծովաքաղաք, Մադրասի հին անվանումն է) կառավարիչը եղել է Ղոգազ անունով մեր հայրենակիցը: Երկրորդ, Այդար (Սարիաթ) գետի վրա ձգված բազմակամար կամուրջը 1725-ին իր միջոցներով կառուցել է Պետրոս Ոսկանը:
Մադրասի թաղամասերից մեկում՝ Ս. Թովմասի բարձունքում, մինչեւ օրս պահպանվել է հայկական արձանագրություններով մի եկեղեցի, ճակատին գրված է տարեթիվը՝ 1547: Կամուրջ կառուցած մեր հայրենակից Պետրոս Ոսկանյանը այստեղ՝ դարպասից մինչեւ բլրագագաթ, 166 քարե սանդուղքներ է կառուցել:
Եկեղեցաշինությունը Մադրասում զարգացել է 18-րդ դարում: 20 տարում այստեղ կառուցվում է 3 եկեղեցի՝ 1707, 1712, 1729 թվականներին:
Ազգային բուռն գործունեություն ծավալող մադրասահայերը 1773թ. կազմել են համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ, որ կոչի նշավակ», ըստ որի՝ համայնական ինքնավարության բարձրագույն մարմինը «բոլոր ժողովրդի» ընդհանուր ժողովն էր, գումարվում էր տարին մեկ եւ ընտրում գործադիր մարմին:
Այս արժանահիշատակ կանոնադրությունից մեկ տարի առաջ Նոր Ջուղայի հարուստներից մեկը՝ Շահամիր Շահամիրյանը, իր սեփականությունը հանդիսացող հողատարածքում կառուցել է Մադրասի Սուրբ Աստվածածին եկեղեցին, նախկինում սրա տեղում եղել է աղոթատեղի: Սուրբ Աստվածածին եկեղեցին սպիտակաթույր, եռահարկ աշտարակով գողտրիկ մի կառույց է, որ գտնվում է քաղաքի կենտրոնական մասերից մեկում՝ «Armenian street» փողոցում: Մադրասի եկեղեցին այժմ գտնվում է Կալկաթայի Մայր եկեղեցու հոգածության տակ: Սուրբ Նազարեթ եկեղեցու միջոցներով իրականացվել եւ իրականացվում են զգալի աշխատանքներ՝ վերանորոգման, ներքին բարեկարգման ուղղությամբ: Եկեղեցու հարեւանությամբ դեռեւս պահպանվում է այն շենքր, որտեղ ժամանակին գործել են Շահամիրյանի եւ Շմավոնյանի տպարանները: Ժամանակին շենքը տրվել է վարձակալության, այժմ աշխատանքներ ենք տանում շենքը վերադարձնելու ուղղությամբ: Բոլոր փաստաթղթերի ձեւակերպումից հետո շենքը կվերանորոգվի եւ կդառնա հայ ուխտավորի համար իջեւանատուն:
2012-ին լրանում է հայ Մադրասի 300-ամյակը: Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր հովանու ներքո պիտի հավուր պատշաճի ընդառաջ գնանք Մադրասին՝ ըստ արժանվույն գնահատելով նրա կարեւոր ու հայանպաստ գործունեությունն ու փառապանծ անցյալը:
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իր հանգրվանն է գտել Հարություն ավագ քահանա Շմավոնյանը, հոգեւորական, որ եղավ Մադրասի զարթոնքի կարապետը, մարդ, որ 1784-ին թողնելով Պարսկաստանի վարդաշաղ Շիրազը, ապաստան գտավ Մադրասում՝ մի մեծ առաքելությամբ: Նա եկավ մեր հայ երախտավորների երկնակամարը համալրելու մի շողառատ ու պայծառ աստղով: 1789-ին բացեց տպարան, 1794-ին հրատարակեց առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարարը», որը կազմված էր անգլիական ամսագրերի օրինակով: Այն լույս տեսավ 1794-96 թթ՝ ընդամենը 18 օրինակ: Շմավոնյանը հավատարիմ մնաց գրաբարին եւ Նոր Ջուղայի բարբառին: Շմավոնյանը եղավ հնդկահայ գաղութի նշանավոր դեմքերից մեկը, որի պատմագրական գործունեությանը, դժբախտաբար, հայ հանրությունը մեծամասամբ այսօր անհաղորդ է:
Ուրեմն Մադրաս-300 շրջանակներում՝ իբրեւ վարձահատույց Շմավոնյանին եւ նրա ժառանգությանը, պետք է վերաիմաստավորենք եւ վերաարժեւորենք նրա թողած արժեքները: Հրատարակելու ենք Մադրասին նվիրված գիրք:
Իբրեւ ավարտ, իբրեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ՝ պարտքի մեծ զգացումով դիմում եմ իմ հայրենակիցներին՝ համախմբվենք մեծով ու փոքրով՝ ընդառաջ գնալու 300-ամյա Մադրասին, դարձնենք այն համազգային նշանակության իրադարձություն, նախապես ազդարարենք «Ազդարարի» գալուստը, նոր առաջարկություններով, նոր գաղափարներով ու ծրագրերով մասնակցություն ունենանք հայ Մադրասի տարեդարձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել