ԹԵՅԱՐԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, 2 օր առաջ հրդեհ էր բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 հասցեում գտնվող «Ոսկե թեյնիկ» թեյարանում: Այրվել էր թեյարանի 20 քմ մակերեսով խոհանոցը՝ գույքով: Իսկ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի՝ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Երկաթբետոնե կառուցվածքների» գործարանում էլ այրվել էր արտադրամասերից մեկի տանիքը:
ԲԱԽՎԵԼ ԷԻՆ ԷԼԵԿՏՐԱՍՅԱՆԸ
Կոտայքի մարզում՝ Աբովյանի Նաիրյան փողոցին հարակից մարզադաշտի տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: Ջ. Առաքելյանին պատկանող «Հունդայի» մակնիշի 13 ՍՍ 100 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի եւ յուղի արտահոսք: Տուժածներ չկան:
Դեկտեմբերի 6-ին Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան 46 հասցեում տեղի է ունեցել ավտոպատահար: «ՎԱԶ-2121» մակնիշի 16 ՏԼ 131 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանը եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի շարժիչի խցում հրդեհ է բռնկվել: Վարորդը՝ 26-ամյա Մ. Պողոսյանը եւ ուղեւորը՝ 23-ամյա Հ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդի քաղաքի հիվանդանոց:
ԴԻԱԿ՝ ԳԵՏՈՒՄ ԵՎ…ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 6-ին Երեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ «Փարվանա» ռեստորանին հարակից կիրճում՝ գետի մեջ, հայտնաբերվել է 60-65 տարեկան, դեռեւս ինքնությունը չպարզված տղամարդու դի: Իսկ Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 24-րդ բնակարանում էլ հայտնաբերվել էր 70-ամյա Ա. Մուսայելյանի դին:
Երեւանի Մաշտոցի պողոտայի 5ա/9 հասցեում էլ հայտնաբերվել էր 61-ամյա Կ. Սաֆարյանի դին:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԳԱԶԻՑ
Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկություն էր ստացվել, որ գազից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Խնձորուտի 173/3 հասցեի բնակչուհի՝ 48-ամյա Լ. Թաթուլյանը: