Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորն իրեն մեղավոր չի ճանաչում

Դեկտեմբեր 08,2009 00:00

 Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Գագիկ Հովսեփյանը, «Առավոտին» դիմելով, տեղեկացնում է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին իր «Դայմլեր-Բենց» մակնիշի մեքենան տվել է վարելու հարեւանին՝ Հրազդանի քաղաքապետի հորեղբորորդի Մկրտիչ Դանիելյանին:
Դանիելյանը, ըստ կալանավոր Գ. Հովսեփյանի, ճանապարհին սկսել է խոսել բջջային հեռախոսով, որի հետեւանքով կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել է հանդիպակաց «ՎԱԶ-2106» ավտոմեքենային:
Վթարի պատճառով «ՎԱԶ-2106» մեքենայի երկու ուղեւորները մահացել են, իսկ Դանիելյանն ու Հովսեփյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Վերջինս հայտնում է, որ իր դեմքի աջ հատվածը ջնջխված է, աջ այտը հավաքվել է պլատինով, աջ ազդրը եւ կոնքը կոտրված են:
Կալանավորը պնդում է, որ մեքենայի ղեկին ինքը չի եղել, այսինքն, իր ստացած վնասվածքներն այդ դեպքում չէին լինի: Մինչդեռ, նախաքննության մարմինը, փորձագիտական եզրակացությունները պնդում են հակառակը:
Նա տեղեկացնում է, որ մեկ տարի է, ինչ ընթանում է դատավարությունը (դատավոր՝ Մ. Մակյան), սակայն ընթացքի վրա ազդում է Հանրապետական կուսակցության անդամ՝ Հրազդանի քաղաքապետը: «Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, չունեմ ազդեցության որեւէ լծակ, բացի օրենքից»,- գրում է կալանավորը:
Նա պահանջում է նշանակել կրկնակի փորձաքննություն, որպեսզի հարցի պատասխանը հստակ տրվի. ո՞վ է, ի վերջո, եղել ղեկին: Նկատենք, որ Մ. Դանիելյանի ծանր վնասվածքները նույնպես աջակողմյան են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել