Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում «ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը»: Խոսքը ցմահ ազատազրկվածների խցում «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Էդիկ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի, «Դրո» գործով Արսեն Արծրունու, եւ «Ազատամտության» խմբագրի խմբակային տեսակցության մասին էր: Ըստ մամուլի քարտուղար Լ. Մշեցյանի, «Քրեակատարողական վարչության պետ Ա. Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժեր են կիրառվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ»:
Պարզաբանման կարգով արդարադատության նախարարությունը հայտնում է նաեւ, որ «ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին՝ վերջիններիս համաձայնությամբ եւ հիմնարկի պետի թույլտվությամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում, տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին»: