Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐԻՍՏՈՍԸ ԻՄ ԿՈՂՔԻՆ ՉԼԻՆԵՐ՝ ԿԴԱՏՎԵԻ»

Դեկտեմբեր 08,2009 00:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության
դատարանում, նոյեմբերի 4-ին, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Ֆրանսիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

\"\"

Ավետիս Կալայջյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35/305՝ «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
– Պարոն Կալայջյան, Դուք կալանավորված էիք ապրիլի 6-ից: Որտե՞ղ էիք պահվում:
– 2 ամիս գտնվել եմ ՀՀ ազգային անվտանգության մեկուսարանում, 6 ամիս էլ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
– Մինչ այդ այցելե՞լ եք որեւէ ազատազրկման վայր:
– «ԱՍԱԼԱ»-ի իմ ընկերները նստել են Ֆրանսիայում, Անգլիայում: Սիրիայում այցելել եմ կալանավայրեր, այն ժամանակ, երբ հայրս փաստաբան էր, ապա՝ դատավոր:
– Ձեր խցում քանի՞սն էին:
– 15-18-ը:
– Ինչո՞ւ էիք դիմել տեղափոխվելու համար:
– «Վարդաշեն» էի ուզում գնալ, որպես քաղաքական գործիչ: Բայց քանի որ «ԱՍԱԼԱ»-ից Սարգիս Հացպանյանն էլ էր այդտեղ, հավանաբար մտածեցին, որ երկուսը շատ կլինեն:
– Քանի՞ դռնփակ նիստ է տեղի ունեցել:
– Ընդհանուր 15 նիստ:
– Իսկ ի՞նչ է կատարվել մինչեւ Ձեր ձերբակալվելը:
– Սկսեմ մարտի 15-ից, երբ ես գնացի Սփյուռքի նախարարություն՝ հանդիպելու նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Նա այդ ժամանակ նախարարությունում չէր եւ հանդիպեցի նրա հետ ինչ-որ գրասենյակում:
Նախարարը զգուշացրեց, որ հորիզոնում քրեական գործ է սարքվում իմ դեմ:
Եվ խորհուրդ տվեց՝ թողնել երկիրը եւ հեռանալ: Ասացի՝ ատիկա անհնար է, քանի որ ցեղակրոն եմ: Ես անհավանական համարեցի ասվածը, քանի որ ոչ տուգանք ունեմ, ոչ որեւէ օրինախախտում, ես միշտ օրենքը հարգող մարդ եմ եղել:
Մարտի 18-ին պաշտպանության նախարարություն այցելեցի՝ գրքիս գումարի հետ կապված: 100 օրինակ վերցրել էին: Փողը չէին տալիս, մի քիչ նեղված էի: Այդտեղից այցելեցի Մարտին Բաղդասարյանի տուն, որդին՝ Մասիսը դիմավորեց: Ընկերը եկավ ու սկսեցին խոսել: Երբ դժգոհությունս արտահայտեցի, էս ինչ նախարարություն է՝ փողը չեն տալիս, նրանք էլ սկսեցին ազատամարտիկների հարցով: Տեղացի ազատամարտիկները օրական խոսում են իշխանությունների դեմ, որն անպայման ավարտվում է «փրթոցի» խոսակցություններով: Ես սիրում եմ նրանց, քանի որ ինքս եղել եմ սփյուռքի զինյալ կազմակերպության՝ «ԱՍԱԼԱ»-ի անդամ: Ես հարցրի կատակով, ինչո՞ւ վարչապետի դեմ դուրս գալ, նա նոր է նշանակվել, ինչո՞ւ «չփրթել» ոչ Սերժ Սարգսյանին: Ասացին՝ նախագահը անհասանելի է, ես ասացի, ինչ է՝ Զատիկին չի՞ գալու աղոթքի: Այս անլուրջ խոսակցությունն էլ դրվել է իմ քրգործի հիմքում: Ի դեպ, մարտի 20-ին էլ վերջնագիր ներկայացրի Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ հեռանալու համար…
– Ձեր մեղադրական եզրակացության մեջ կար այսպիսի միտք. «Փառասիրական դրդումներից ելնելով, սփյուռքի հարցերում ՀՀ-ում բարձր պաշտոն ունենալու համար…»: Ի՞նչ է ակնարկվել:
– Այո, դեռ Անդրանիկ Մարգարյանի օրոք, նա խոսել է իմ՝ Սփյուռքի փոխնախարար լինելու մասին: Սփյուռքի գործերով ծրագիր եմ ներկայացրել ԱԳՆ, որն էլ տվել էր իր համաձայնությունը: 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զանգում է ինձ Փարիզ: Հրավիրում է, որպեսզի բարձր պաշտոն զբաղեցնեմ ՀՀ-ում: Ելնելով գաղափարական պատճառներից, քանի որ ես ցեղակրոն ուղղվածությամբ էի, ես մերժեցի առաջարկը: Այդ ժամանակ մարդիկ վազվզում էին, որպեսզի իրենց ոտքը դնեին Հայաստանի վարչամեքենայի մեջ: Նման առաջարկներ էլի են եղել: ՀՀ քաղաքական վերնախավն ինձ ճանաչել է արցախյան ազատամարտից:
– Պարոն Կալայջյան, ազատազրկված 8 ամիսների համար ի՞նչ եք նախատեսում:
– Ազգային անվտանգության մարմինները պատասխան պիտի տան: Նրանք են «բացել» իմ դեմ այս գործը: Ինձ ազատազրկելու իմաստը «դաստիարակելն» էր: Իրենք լավ գիտեն, որ «ԱՍԱԼԱ»-ն խիստ գաղտնապահ է, եւ ինչ պայմաններում են լինում նման «մահափորձերը»: Ես բարձր ձայն ունեմ, գիտեմ, որ իմ գաղափարները ազգային են, քրիստոնեական են, եղել եմ հավատքի մարդ: Երիտասարդ տարիներին՝ քարոզիչ: Գիշերվա ժ. 4-ին խցիս ընկերները ինձ դուրս են կանչում, ասելով՝ ընկերդ է կանչել: Զարմացա, քանի որ ոչ գող եմ, ոչ՝ գողական: Եվ ընկեր չունեի բերդում: Սկզբում իմացա, թե կատակ է: Դուրս եկա, տեսա… Հիսուսին: Ասաց՝ քո տեղը չէ այստեղ, ասաց, որ քեզ ոչ մի մարդ չի դատի, դու պետք է ազատվես…
Հանցակազմի բացակայության հիմքով դատարանից ազատվեցի: Քրիստոսը իմ կողքին չլիներ՝ կդատվեի: Աստված երկնային շնորհ չէր տա մի մարդու, որը երկրի նախագահին ապագայում պիտի փորձի սպանել կամ՝ սպանի:
– Ցեղակրոնը կարո՞ղ է քրիստոնեական արժեքներից խոսել:
– Գարեգին Նժդեհի հայրն էլ հոգեւորական էր: Ցեղակրոնը պարտադիր պիտի լինի քրիստոնյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել