«Վթարային ծառերը չեն էտում» հրապարակմամբ «Առավոտի» այս տարվա հոկտեմբերի 14-ին տեղեկացրել էինք, որ Շենգավիթի թիվ 31 եւ թիվ 173 դպրոցների հարեւանությամբ կան մի շարք չորացած ծառեր, որոնք էտվելու կարիք ունեն: Դրանցից մի քանիսի վերին հատվածների ճյուղերը կոտրտված են, իսկ ծառերի կողքով անցուդարձ անողները հիմնականում դպրոցականներն են: Նյութը հրապարակելու օրը Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էր նաեւ այդ խնդրին: Ավետ Մարտիրոսյանը չէր ժխտել, որ նշված տարածքում, իրոք, չորացած ծառեր կան եւ խոստացել էր դրանց «երիտասարդացման» հարցով շուտափույթ զբաղվել: «Իրավամբ, տվյալ հատվածում չորացած ծառերն էտելու անհրաժեշտություն կա: Ընդամենը 1-2 օրից մենք կլինենք նաեւ տվյալ բակում եւ կլուծենք բարձրացված խնդիրը»,- ասել էր նա:
Անցել է մոտ երկու ամիս, սակայն քաղաքապետարանը չի կատարել իր խոստումը: Արդյունքում՝ շուրջ մեկ տասնյակ չորացած ծառեր մինչ օրս էտողներին են «սպասում»: Տարածքի բնակիչների խոսքով՝ նյութը հրապարակելուց հետո ինչ-որ մարդիկ եկել, ծառերին նայել ու գնացել են, սակայն այդպես էլ չեն ասել՝ կէտե՞ն դրանք, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ բնակիչները բազմիցս դիմել են տարածքն սպասարկող «Գավառ» համատիրությանը, որտեղից նույնպես խնդրին չեն արձագանքել: