Երկրաշարժի 21-րդ տարելիցի առիթով օրերս «Գլենդել հիլզ» ընկերությունը լրագրողների այց էր կազմակերպել Գյումրիի մեծ շինհրապարակ՝ ծանոթացնելու աղետի գոտում ընթացող շինարարության ընթացքին:
Ըստ ընկերության պատասխանատուների` արդեն 22 շենք է կառուցված, կատարվում են տարածքի բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքները: Այս տարի կառուցվեց 1056 բնակարան՝ Գյումրիում, 520 բնակելի տուն՝ Սպիտակում եւ գյուղական համայնքներում:
«Բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը վերջին փուլում են: Տանիքները եւ ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում է: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները»,- հայտնում են ընկերությունից:
Նշենք, սակայն, որ Գյումրի այցելության նախորդ օրը «Ասպարեզ» ակումբը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ պետական բարձր մակարդակներով, մինչեւ տարեվերջ խոստացված 1320 բնակարաններից հազիվ 250-ը ավարտուն տեսք կունենա՝ հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները: Բացի այդ, «Ասպարեզը» հայտարարել էր, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները, տարբեր գնահատականներով, կատարված են 40-60%-ի չափով. թեպետ կանգուն է մոտ 20 քառահարկ շենք: Ակումբի այս հայտարարությունը բնակարանների սպասող գյումրեցիների անհանգստությունն է առաջացրել: Նրանք ահազանգելով մեր խմբագրություն, փորձում էին ճշտել, արդյոք իրենք բնակարանի հույս չփայփայե՞ն, եւ ճի՞շտ է, որ ոչ թե 22, այլ, ինչպես «Ասպարեզն» է հայտարարում՝ 20 շենք է պատրաստ:
Երեկ էլ «Ասպարեզ» ակումբի հայտարարության հիման վրա հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը, որը հղում կատարելով «Ասպարեզի» ներկայացրած փաստերին՝ մտահոգություն է հայտնում, որ երկրաշարժի 21-րդ տարելիցի նախաշեմին աղետի գոտին բարձիթողի վիճակում է եւ որ ավելի քան 4100 ընտանիք անօթեւան է:
Երեկ «Առավոտը» «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե նման հայտարարություն անելով՝ կուսակցությունն ունի՞ սեփական ուսումնասիրություն՝ շինարարության տվյալների վերաբերյալ, որոնք նշված են հայտարարության մեջ, քանի որ թե կառավարության ներկայացուցիչները, թե կառուցապատումն իրականացնողները այլ թվեր են հրապարակում: Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Մարտիրոսյանը փաստորեն նշեց, որ իրենք չունեն սեփական ուսումնասիրություններ: Ստացվում է, որ կուսակցությունը չճշտված տեղեկատվություն է տարածում հանրությանը, մասնավորապես՝ բնակարանների սպասող անօթեւաններին, քանի որ Գյումրիում կառուցված է ոչ թե 20, այլ 22 շենք՝ մեր հարցին պարոն Մարտիրոսյանն ըստ էության չպատասխանեց, ասելով՝ շնորհակալություն: