Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՏԱԾ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ՞

Դեկտեմբեր 08,2009 00:00

Երկրաշարժից 21 տարի անց էլ Գյումրին Գյումրի չի դառնում

\"\"

Երկու տարի առաջ Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը, այցելելով Գյումրիի ամենամեծ տնակային թաղամաս՝ Ավտոկայան, բավականին զարմացած արձանագրեց, որ 21-րդ դարում գյումրեցիները զրկված են ապրելու տարրական իրավունքից, այն է՝ տանիք ունենալուց, անձրեւաջրերից ու առնետներից պաշտպանված լինելուց: Այն, ինչ այս պահին կատարվում է Գյումրիի տնակներում, պարզապես աննկարագրելի է: Օրերս մենք ականատես եղանք, թե ինչպես Գյումրիի, այսպես կոչված, «Նեգրերի թաղամասում» \"\"Սուքիասյանների 2 հաշմանդամներից բաղկացած ընտանիքը զբաղված էր առնետորսությամբ: Այս թաղամասը գտնվում է Գյումրիի կենտրոնում, Անգլիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի անունը կրող փողոցի վերջնամասում, եւ «Նեգրերի թաղամաս» են անվանում արհամարհված ու անտեսված լինելու պատճառով: Մանկուց հաշմանդամ՝ 52-ամյա Կարինե Սուքիասյանը պատմեց, որ երկրաշարժին կորցրել է եղբորը, այդ օրվանից էլ մայրը՝ տիկին Զաբելան, սթրեսից կորցրել է լսողությունը, իսկ հայրը ինֆարկտահար է եղել ու մահացել: Այժմ 80 տարեկան մայրը անկողնային է, սակայն տուն ստանալու հույս դեռ չի փայփայում: «Մենք անօթեւանների հերթացուցակում 3-րդ կետ ենք, սակայն մեր տունը նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը կերավ, էնպես արեց, որ Շարլ Ազնավուրի հրապարկից տուն չստացանք: Մենք 4 սենյականոցի հավակնորդ ենք, իսկ էս պահին Մուշ թաղամասում 4 սենյականոց չի կառուցվում: Ստիպված ենք նորից սպասել, բայց ինչքա՞ն: Մի օր չկա, որ հանգիստ գիշերես, եթե որեւէ երկրում ես պահակ աշխատեի, միլիարդատեր կդառնայի, ամբողջ գիշեր ստիպված եմ կռիսներին պահակ կանգնել, աչք կպցրեցիր՝ քեզ հում-հում կուտեն, կռիսներն անցած օրը նույնիսկ թակարդն էին գողացել-տարել: Ոչ մի կոմունալ հարմարություն չունեմ, հաշմանդամ մարդ եմ, քայլել չեմ կարող, բայց ջուրը ամեն օր հեռու տեղերից կրում-բերում եմ, փայտ չունենք, ցախ ենք վառում: Մի խոսքով, պատմելու բան չէ մեր կյանքը, եթե պատմեմ, մի հանրագիտարան կգրվի: Բայց գոնե մի տուն ստանանք, մամաս ասում է՝ գոնե տան մեջ մեռնեմ»,- ասաց Կարինե Սուքիասյանը՝ դժգոհելով, որ իրենց միայն գյումրեցի լրագրողներն են հիշում: 
 \"\"Սուքիասյանների ընտանիքը, բնականաբար, միակը չէ, Գյումրիում պաշտոնապես դեռ 4200 անօթեւան կա, իհարկե՝ սա երկրաշարժից անօթեւան մնացածների թիվն է, կան նաեւ ընտանիքներ, որոնք անօթեւան են դարձել տարբեր պատճառներով, նրանց թիվը հասնում է մոտ 3000-ի: Բանն այն է, որ 21 տարվա ընթացքում ընտանիքները բազմացել են, երկրաշարժից հետո զավակներին ամուսնացրել են, որոնք, բնականաբար, «խոզի» կյանքով ապրելու փոխարեն գերադասել են առանձնանալ, տնակ դնել ու այսպես շարունակել կյանքը: Այդ տեսակ անօթեւաններին կառավարությունը ցավալիորեն բնակարաններ չի նախատեսում, հարկադրում է ապրել ծնողների հետ, եթե անգամ 10 հոգանոց ընտանիքին մեկ սենյականոց է հասնում:
Հիշեցնենք, որ բնակարան հատկացնել առաջնորդվում են կառավարության 432 որոշմամբ, որը նախատեսում է բնակարան հատկացնելիս երկրաշարժին կորցրած սենյակների քանակով, եւ հաշվի չի առնվում ընտանիքի բազմացման փաստը: Գյումրեցիները համոզված են, որ այս մոտեցմամբ «անօթեւան» բառը գյումրեցու լեքսիկոնից չի վերանալու, եւ Գյումրիում կառուցվող 3030 բնակարանն էլ անօթեւաններին չի բավականացնելու: Սա էլ առիթ է տվել գյումրեցիներին՝ թերահավատորեն վերաբերվելու Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներին՝ «Առաջ՝ դեպի առանց տնակների Գյումրի» կարգախոսին: Օրինակ, մեր անօթեւան զրուցակիցներից Լիզա Սարգսյանը կանխատեսում է, որ մեկ դար անց էլ Գյումրին տնակներից չի ազատվելու: Վերջինս անհույս անօթեւանների ցուցակում է, տնակը փտել է, «կռիսներն էլ մարդ են գզում», բայց նորակառույց բնակարաններից տուն չի հասնում: Նրա ընտանիքը գրանցված է փլված շենքի հասցեում, սակայն այդ նույն հասցեից իր սկեսուրի ընտանիքն արդեն բնակարան ձեռք է բերել, իսկ իրենց գցել են բարելավման ծրագրում: Սա նշանակում է, որ նրանց ԲԳՎ են հատկացնելու, իսկ այս ծրագիրը, ինչպես հայտնի է, արդեն դադարեցվել է: Նրան նաեւ զայրացնում են այն հայտարարությունները, թե՝ եկեք վարկեր տանք, տուն կառուցեք: «Տեսնես չե՞ն ամաչում, էս քաղաքում աշխատատեղ կա՞, որ մենք էլ գնանք վարկ վերցնենք, հարց լուծենք, էնպիսի մի ցուցամոլ դարաշրջանի ենք հասել, որ աշխատանքի ընդունվելու համար դաժե պոլ ավլողից անգլերենի իմացություն են պահանջում, ի՞նչը գրավ դնեմ, որ վարկ հանեմ, ունեմ-չունեմ մի փտած դոմիկ ունեմ: Ամոթ բոլորին, որ գյումրեցիներին էսքան ջահել հասակում թոշակառու դարձրին: Թող իմանան, որ տնակները Գյումրիից կյանքում չեն վերանա, դոմիկն ու Գյումրին արդեն իսկ հոմանիշ բառեր են, եւ ցավալի է, որ էսպիսի «հրաշք» ապրելակերպով Եվրոպա-Եվրոպա են խաղում»,- ասում էր մեր 45-ամյա զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել