Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող կառուցապատումը սեյսմիկ պաշտպանության առումով այնքան էլ ճիշտ չէ: Այսօր շատ նորակառույցներ լիովին չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության կանոններին եւ ուժեղ երկրաշարժերի դեպքում կմեծանա մարդկային եւ նյութական կորուստների թիվը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը: Ըստ Ա. Անտոնյանի, այս ամենի պատճառը նաեւ այն է, որ կառուցապատում իրականացնող կազմակերպությունները հիմնականում մասնավոր են եւ խախտում են օրենքը՝ չունենալով շինության սեյսմակայունության մասին հավաստող փաստաթղթեր:
Ա. Անտոնյանի ներկայացմամբ, Հայաստանը շարունակում է մնալ սեյսմիկ գոտում, ու թեեւ այս տարի, նախորդի համեմատությամբ, երկրաշարժերի քանակը նվազել է, բայց դրանց ինտենսիվությունը, ընդհանուր առմամբ, չի փոխվել: Պարոն Անտոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նաեւ, որ Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը 8000-ով հնարավոր կլիներ կրճատել, եթե մարդիկ իմանային սեյսմիկ պաշտպանության վարքականոնները: Նա նաեւ նշել է, որ սեյսմիկ ամենամեծ ռիսկը Երեւանում է, քանի որ այն գտնվում է 8-9 բալանոց գոտում, իսկ ռիսկայնությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այստեղ շատ են բավականին խիտ կառուցված բարձրահարկ շենքերը, այստեղ է կենտրոնացված Հայաստանի բնակչության մեծ մասը, ինչպես նաեւ մայրաքաղաքն աչքի է ընկնում կոմունիկացիաների, վթարավտանգ, պայթյունավտանգ օբյեկտների խտությամբ:     
Ա. Անտոնյանի կարծիքով, 1988-ին չկարողացանք խուսափել աղետալի երկրաշարժից, քանի որ խորհրդային տարիներին պետությունը մեծ ուշադրություն չէր դարձնում սեյսմիկ պաշտպանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել