Իսկ հոգեբանական ավերները երկար կմնան
Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նախկին տարելիցներին, Լոռու մարզում էր ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը: Նախ Սպիտակ, ապա Վանաձոր այցի ընթացքում պատվիրակության անդամները մոմ վառեցին երկրաշարժից հետո Սպիտակում կառուցված Սուրբ Հարություն, ապա Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, հետո ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնով հուշակոթողին:
Ամեն տարի դեկտեմբերի 7-ին հարազատ քաղաք են շտապում նաեւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող սպիտակցիները, այցելում են զոհվածների շիրիմներին, կիսում հարազատ-բարեկամների վիշտը: «Գերեզմաններում ավելի շատ բարեկամ ունեմ, քան՝ կյանքում»,- ասում է 47-ամյա Անիչկա Խաչատրյանը: Նա երկրաշարժի օրը եղել է Երեւանում, բայց լուրն իմանալուն պես շտապել է Սպիտակ, եւ սարսուռ է զգացել տեսածից: «Այլայլվել էի, չգիտեի որտեղ եմ գտնվում, չէի գտնում հայրական օջախս, ամբողջ քաղաքը փոշու ու հրդեհի մեջ էր: Այս օրը վերքդ թարմանում է, կարծես նորովի ես ապրում այդ սարսուռը, բայց մխիթարվում ես, քեզ ուժ ես տալիս՝ տեսնելով կողքիններին, զգում ես, որ քեզանից բեթարն էլ կա»,- արցունքները չկարողանալով զսպել՝ պատմում է նա:
Սպիտակցի յուրաքանչյուր ընտանիք իր պատմությունն ունի, մեկը մեկից ահասարսուռ: Նրանք դժվար են դիմակայում առկա խնդիրներին, բայց եւ զգում են կատարվող փոփոխությունները: 69-ամյա Սերյոժա Մելիքսեթյանը երկրաշարժից հետո երկրորդ անգամ է ամուսնացել, 5 զավակ է ունեցել՝ կորցրած 5-ի փոխարեն: Նոր կազմավորված ընտանիքն այժմ ապրում է նորոգ բնակարանում ու այլ հարց է առաջնային համարում. «Հիմա, փառք Աստծո, գլխիս տանիք ունեմ, բայց աշխատել է պետք»: Գրեթե նույնն է ասում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը. «Աղետի գոտի հասկացությունը հիմնովին վերացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն անօթեւաններին բնակարաններով ապահովել, այլեւ համագործակցել գործարարների եւ տարբեր հիմնադրամների հետ՝ նոր ձեռնարկություններ բացելու համար»:
Սպիտակի անօթեւան 1500 ընտանիքներից 400-ը բնակարանով կապահովվի 2 տարի անց, երբ շահագործման հանձնվի Վարպետների թաղամասը: Պետբյուջեի ֆինանսավորմամբ Սպիտակ քաղաքի կենտրոնում շարունակվում է 2-3 սենյականոց 220 բնակարանների շինարարությունը, որը կավարտվի տարեվերջին: Երկրաշարժից 21 տարի անց այս ծրագրի շրջանակներում բնակարանամուտ կտոնեն 8 երեխաներ, ովքեր այժմ չափահաս են եւ երկկողմանի ծնողազուրկ են դարձել երկրաշարժի պատճառով:
Լոռու մարզի մյուս համայնքներում եւս անօթեւան ընտանիքներ կան, Վանաձորում՝ 61, Ստեփանավանում՝ 51, գյուղական համայնքներում՝ 1857: Այս տարի մարզի՝ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած գյուղաբնակ ընտանիքների համար կառուցվել է 72 տուն՝ պետբյուջեից հատկացված 640 միլիոն դրամով: Այժմ աշխատանքներ են իրականացվում Սպիտակում եւ շրջանի 8 գյուղերում: Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի 300 առանձնատուն (Շիրակամուտ՝ 63, Մեծ Պարնի՝ 50, Արեւաշող՝ 74, Սարահարթ՝ 31, Գոգարան՝ 32, Հարթագյուղ՝ 12, Լուսաղբյուր՝ 16): ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Ստեփանավանի 3 բնակելիներից 2-ի շինարարությունը, ուր բնակարան կստանա 28 ընտանիք: Երրորդ բնակելին շահագործման կհանձնվի 2010-ի գարնանը եւ օթեւան կունենա եւս 14 ընտանիք: Այս տարի Լոռու մարզին տրամադրվել է բնակարանների գնման 16 վկայական, չորսը՝ Վանաձորին:
ՀՀ կառավարությունը աղետի գոտու վերացման հերթական վերջնաժամկետ է հայտարարել 2013 թվականը: Սպիտակցիները սրան թերահավատությամբ են վերաբերվում: Նախ այն պատճառով, որ նախատեսված ծրագրերը չեն հասցնի ի կատար ածել: Եվ հետո՝ նրանց խոսքով, երկրաշարժ տեսած սերունդը, որ «վայելել» է ետերկրաշարժյան ողջ դժվարությունները, լավ է հասկանում, թե ինչ հետեւանքներ է ունեցել 21 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը: «Այս տարիների ապրածն ու լսածը ջնջել չի լինի»,- վստահ են Սպիտակում: