Գյումրիում քաղաքաշինության նախարարի խոստացած «սիմվոլիկ» բնակարանը հանձնելու փոխարեն՝ գազիֆիկացրին Իսահակյան գյուղը:
Տասնյակ կարիքավոր գյումրեցիներ, լսելով նախագահի այցի մասին, եկել էին կամ բողոքելու, կամ՝ օգնություն խնդրելու:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեցին առաձին-առանձին՝ նույնիսկ պատարագի ժամանակ միմյանց կողք չկանգնելով: Տեսնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մոտենում է երկրաշարժի զոհերի հուշակոթողին, ընդդիմադիրներն իրենց լիդերների՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Լիբերալ» կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ անմիջապես հեռացան: Ի դեպ, չկա մի տարի, որ թվարկված քաղաքական գործիչները դեկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Գյումրիում չլինեն:
Առաջին նախագահը, ինչպես միշտ, Գյումրի չէր եկել, չէր եկել նաեւ երկրորդ նախագահը, սակայն վերջինս իր կողմից ծաղկեպսակ էր ուղարկել, որտեղ գրված էր. «Զոհերի հիշատակին՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»: Խոսելով հետերկրաշարժյան Գյումրիի մասին՝ «Լիբերալ» կուսակցության առաջնորդ Հ.Հովհաննիսյանն ասաց. «Որոշակի տեղաշարժեր կան, բայց այն չէ, որ ես էսօր ընդդիմություն եմ եւ խոսում եմ ընդդիմության անունից, ուղղակի ուզում եմ ասել, որ չի կարելի 21 տարի հետո նորից խոսել աղետի գոտու մասին, որովհետեւ հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի խոստումները, մեծ-մեծ խոսքերը, թե 3 տարի հետո մենք աղետի գոտի չենք ունենա, էդ խոսքերից արդեն 6 տարի է անցել եւ, ցավոք սրտի, սա էլի կերկարի, մանավանդ տարածաշրջանի գյուղերում, միայն Գյումրիում մի քանի շենք սարքելով չի, հասարակության խնդիրը պետք է լուծվի, չի լուծվում»:
Իսկ որ հասարակության խնդիրներն իրոք չեն լուծվում, դրա վառ ապացույցը հուշակոթողի շրջակայքում հավաքված հազարավոր կարիքավոր գյումրեցիներն էին, որոնք լսելով նախագահի այցի մասին, եկել էին կամ բողոքելու, կամ՝ օգնություն խնդրելու: Նրանց մեջ նույնիսկ մարդիկ կային, որոնք նամակ էին բերել՝ նախագահից վառելիքի գումար ակնկալելով: Սակայն նրանցից ոչ մեկին չթողեցին մոտենալ Սերժ Սարգսյանին, վերջինիս թիկնապահները բողոքավորներին մի լավ «մշակել» էին: Նրանք այս անգամ անչափ «խիստ» էին նաեւ լրագրողների նկատմամբ. հատ-հատ զննում էին մեր պայուսակները՝ նույնիսկ պահանջելով բացել դրա բոլոր գրպանները:
Նախագահը եկավ, հարգանքի տուրք մատուցեց, այնուհետեւ այցելեց Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարան, որը կառուցվել է Ախուրյանում:
Լրագրողները գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչպես գործարանի փայատերերի, այնպես էլ շաքարավազի որակի, գների, գործարանի գործարկման կոնկրետ ժամկետի մասին: Վերջինս, վստահեցնելով, որ Սամվել Ալեքսանյանից բացի՝ գործարանը ոչ մի փայատեր չունի, տեղեկացրեց, որ ժամանակին հետաքրքրություն էին ցուցաբերում անգլիացիները, որոնք ուզում էին 5%-ի փայատեր դառնալ, բայց գործարար պատգամավորը մերժեց՝ համոզվելով, որ նրանց կարիքը չկա: Էդուարդ Սարգսյանը նաեւ տեղեկացնելով, որ գործարանը կգործարկեն գարնանը՝ արդեն իսկ սկսեց գովազդել դեռեւս չարտադրված շաքարը: «Որակով այն իհարկե կտարբերվի, թեեւ մենք էսօր ներկրում ենք որակով շաքար՝ բրազիլական, մեր գործարանի արտադրած շաքարի որակը լինելու է եվրոստանդարտին համապատասխան, այսինքն՝ լավագույն շաքարն ենք ստանալու: Սարքավորումների հիմնական մասը չժանգոտվող մետաղից է, որը եւ ապահովելու է այսպիսի որակ: Գնի մեջ, իհարկե, տարբերություն կլինի, քանի որ արտադրելու ենք տեղում: Տոննայի մեջ մոտ 30-40 դոլար տարբերություն կտա: Իսկ ներկա գնից էժան կլինի, թե ոչ՝ չեմ կարող ասել, որովհետեւ շաքարը շուկայական բորսային ապրանք է, կարող է գարնանը ավելի բարձրանա գինը: Գործարանը աշխատելու է տեղական հումքով, դա կլինի աշնանը, այսօր մենք դեռ պատրաստ չենք տեղական հումքով աշխատելու, պայմանագրեր են կապվում գյուղական տնտեսությունների հետ, որպեսզի աշնանը աշխատենք տեղական հումքով: Գործարանը հզոր է՝ Հայաստանի սպառման քանակությունից երկուսուկես անգամ ավելի հզորություն ունի, մոտ 220 հազար տոննա կարող ենք արտադրել: Շաքարը արտահանելու ենք նաեւ, հույս ունենք տանել Վրաստան, Հյուսիսային Իրան, այսօր արդեն Ռուսաստանից են մեզ դիմում, շաքարի գինն են հարցնում, նրանք մտածում են՝ մենք արդեն աշխատում ենք, մենք մոտ ենք Սեւ ծովի ավազանին, հնարավոր է դեֆիցիտ լինելու դեպքում արտահանենք նաեւ Ռուսաստան կամ, ասենք, եվրոպական որեւէ ռեգիոն»,- ասաց տնօրենը՝ նաեւ տեղեկացնելով, որ ճակնդեղի հումքով իրենք արտադրելու են Հայաստանում սպառվող շաքարի մոտ 42-45%-ը, իսկ մնացած մոտ 60%-ը արտադրելու են ներկրվող հարավաֆրիկյան կիսաֆաբրիկատ հումքով: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հավելեց, որ 21 հազար աշխատատեղ է ստեղծելու. 20 000-ը բազուկ են մշակելու, 1000 հոգին էլ «զավոդում» են աշխատելու: Լրագրողներից մեկը շաքար ներկրող մոնոպոլիստին հարցրեց, թե տարօրինակ չէ՞, որ շաքար ներկրողը շաքարի գործարան է կառուցում: «Ինչի՞ է տարօրինակ, ես առաջ սպիրտ էի ներկրում, հիմա սպիրտի զավոդ ունեմ, առաջ ալյուր էի ներկրում, հիմա ալրաղաց ունեմ, առաջ էլ շաքար էի ներկրում, հիմա էլ զավոդ ունեմ, ավելի լավ ա ստեղ աշխատատեղեր ստեղծենք՝ թող մեր ժողովուրդը աշխատի»,- պարծեցավ օլիգարխ պատգամավորը:
Նախագահ Սերժ Սարգսյանը այս անգամ հարկ չհամարեց հարցազրույց տալ լրագրողներին, նա Իսահակյան գյուղում հայտարարեց, որ գերադասում է շփվել ժողովրդի հետ: Իսկ իսահակյանցիները, ովքեր առաջին անգամ էին գյուղում կապույտ վառելիք տեսնում, նախագահից խնդրում էին «մի լավություն» էլ անել՝ գյուղում ջուր քաշել: Նախագահն իր այցը սահմանափակեց հենց այս գյուղով, նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հայտնեց, որ մի քանի օրից Սերժ Սարգսյանը նորից կայցելի Գյումրի՝ այս անգամ «Գլենդել հիլզի» կողմից կառուցվող բնակելի որոշ շենքեր շահագործման հանձնելու նպատակով: