Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ն էլ «ոչ» ասաց հայրենազրկմանը

Դեկտեմբեր 08,2009 00:00

Եվ հետաձգեց «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելը

Միայն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը երեկ դեմ քվեարկեցին, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելը հետաձգվի մինչեւ 90 օրով: 92 պատգամավորներ կողմ էին հետաձգմանը: Նախապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, թե ինքն է առաջարկել հետաձգել. «Ակնհայտ է՝ մենք դեռեւս չենք գիտակցում, որ պահն է ոչ միայն այս նախագիծն օրակարգում պահելու, այլեւ այս օրերին Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարություններին համարժեք պատասխան տալու համար»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս օրինագծին եզրակացություն տալու հարցի քննարկման ժամանակ անգամ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էր աննպատակահարմար համարել օրինագծի քննարկումն ու ընդունումը, ըստ «Ժառանգության» հաղորդագրության՝ հայտնելով. «Նախկինի նման ԱԳՆ-ն պետք է հստակություն մտցնի եւ ուղենիշներ տա, թե խորհրդարանն ինչպես վարվի նման դեպքերում»: Եվ պրն Սաֆարյանը դեռ այդ նիստում էր ասել. «Եթե հանձնաժողովի անդամները քվեարկությամբ դրական եզրակացություն չեն տալու օրինագծին, ինչի մասին վկայում են հայտնված տեսակետները՝ ինքը եւ հեղինակները չէին ցանկանա, որ հարցն օրակարգում ներառելու մերժումը լիներ մեր հասարակությանն ու արտաքին աշխարհին հղվող ուղերձը»: Եվ այդ պատճառով էր առաջարկել հետաձգել՝ հույս հայտնելով, որ գուցե ժամանակն ու հետագա զարգացումները կտարհամոզեն օրինագծին դեմ դիրքորոշում ունեցող կամ տատանվող գործընկերներին:
ԱԺ-ն երեկ 28 կողմ, 58 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով մերժեց նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Ժառանգության» մեկ այլ նախաձեռնություն, որով առաջարկվում էր ապրիլի 24-ը նշել ոչ միայն իբրեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլեւ՝ հայրենազրկման դատապարտման օր: Դեկտեմբերի 4-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացնելով օրինագծի ընդունումն աննպատակահարմար համարելու մասին կառավարության եզրակացությունը՝ որպես հիմնավորում հայտնել էր, որ 1988թ. նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է սոսկ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Անահիտ Բախշյանն էլ տարակուսանք էր հայտնել, թե ինչու է փորձում տարանջատել Հայոց ցեղասպանությունը Հայոց մեծ հայրենազրկումից, երբ ՀՀ գործող նախագահն էլ իր ուղերձում կողք կողքի օգտագործել է Ցեղասպանություն եւ հայրենազրկում բառերը: Սակայն հանձնաժողովի բոլոր անդամները, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի եւ Արտյուշա Շահբազյանի՝ դեմ էին քվեարկել օրինագծին դրական եզրակացություն տալու հարցին, որը «Ժառանգությունը» գնահատել էր այսպես. «Հանձնաժողովը փաստացի «ոչ» ասաց հայրենազրկմանը»: Այն հայրենազրկմանը, որի մասին խոսեց ՀՀ նախագահը, ով վերջերս հաճախ է խոսում գործի ու խոսքի տարբերության մասին: Իսկ այսօրվա նիստն ու խորհրդարանական մեծամասնության պահվածքը դրա վառ վկայությունն է»:
Երեկ ԱԺ լիագումար նիստում նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեցին ոչ միայն «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանն ու Լյովա Խաչատրյանը, այլեւ մի քանի պատգամավորներ կոալիցիայից՝ ԲՀԿ-ականներ Աշոտ Տոնոյանն ու Մելիք Մանուկյանը եւ ՀՀԿ-ականներ Հակոբ Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, Աշոտ Արսենյանը եւ Սուքիաս Ավետիսյանը:
Մինչ քվեարկությունն էր Լարիսա Ալավերդյանն ասել. «Զուտ այն պատճառով, որ այս առաջարկը հնչել է բոլոր հարցերով ընդդիմություն մնացած «Ժառանգություն» խմբակցության կողմից՝ կարծես թե կա կախարդական մի արգելք, որը թույլ չի տալիս ընդունել անգամ ճիշտ խոսքը»: Եվ գնահատել էր, թե դեմ քվեարկելով հայրենազրկման դատապարտմանը՝ «Աշխարհաքաղաքական իմաստով մենք մեզ դնում ենք վերին աստիճանի կասկածելի եւ երկիմաստ վիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել