Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԽՈՐԹ ԶԱՎԱ՞ԿՆ Է

Դեկտեմբեր 08,2009 00:00

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նույնաբովանդակ առաջարկները 2010 թվականի բյուջեով հատկացումներ անելու վերաբերյալ ընդունվել են, իսկ ՕԵԿ-ինը՝ գերազանցապես մերժվել:

\"\"
Վարչապետին ավելի մտահոգում են ԿԲ-ն եւ
իշխանական կառույցները, քան գյուղերի ջրամատակարարումն ու գազամատակարարումը:

Կառավարությունն ԱԺ-ին է տրամադրել 2010 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովների, խմբակցությունների եւ անհատ պատգամավորների ներկայացրած առաջարկների մասին իր եզրակացությունների ամփոփաթերթիկը, որից էլ քաղել ենք ներքոշարադրյալ տեղեկությունները:

Ավանդների փոխհատուցման դափնիները
2010-ի պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման համար նախատեսված է 1,7 մլն դրամ։ Դժվար է որոշել, թե հատկապես ո՛ւմ պիտի սրա համար երախտապարտ լինեն խաբված ավանդատուները, քանի որ նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել է ե՛ւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը», ե՛ւ Վիկտոր Դալլաքյանը:

Ոչխարների եւ թափոնների համար փող չկա
Կառավարությունը խոստացել է 2011-2013 թվականներին քննարկել ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի հետեւյալ առաջարկը. «Ոչխարաբուծությունը զարգացնելու նպատակով արտերկրից ներմուծել 200 գլուխ էլիտար խոյեր»: Առայժմ չի ընդունվել նաեւ նույն հանձնաժողովի հետեւյալ առաջարկը. «Թափոնների ուսումնասիրության համար հատկացնել լրացուցիչ 3 մլն դրամ»:

Մութ գումարներ՝  դպրոցներին
Այսպիսի ամփոփաթերթիկում առաջին անգամ տեսանք, որ կառավարությունը համաձայնի գումար հատկացնել, սակայն նշված չլինի, թե հատկապես ինչպես է դա ծախսվելու: Ընդունվել են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջարկները՝ փող հատկացնել մի քանի տասնյակ դպրոցների, սակայն նշված չէ՝ նորոգմա՞ն, թե՞ ինչ այլ նպատակներով են դրանք ծախսվելու: Միայն շարադրված է՝ 52 դպրոցին 20 մլն դրամ, 67 դպրոցին 25 մլն դրամ, 79 դպրոցին 25.26 մլն դրամ եւ այլն: Մինչդեռ մերժվել են ՕԵԿ-ի նույնաբովանդակ շատ առաջարկներ, որոնք ամփոփաթերթիկում հիմնավորված են՝ ասենք, Դաշտավանի դպրոցին գումար տրամադրել հիմնանորոգման համար. Վեդու թիվ 1 դպրոցին՝ նորոգման համար եւ այլն: Կառավարությունն այս առումով ավելի շռայլ է եղել անգամ ՀՅԴ հանդեպ. վերջինս առաջարկել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջին մարզադահլիճի կառուցման համար հատկացնել 20 մլն դրամ, իսկ կառավարությունը նախատեսել է 50 մլն դրամ։

ԿԲ-ն մնում է անձեռնմխելի
ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» ներկայացրել են շատ առաջարկներ, որոնցով ապարդյուն փորձեր են արել ԿԲ-ից գումարներ պոկելու եւ դրանք ուղղելու այլ նպատակների: Ասենք, ՕԵԿ-ն առաջարկել է. «Կենտրոնական բանկի ծառայողական մեքենաների համար նախատեսել նույնքան չափաքանակի վառելիք նույնքան օրերի համար, ինչքան նախատեսված է նախարարությունների եւ գերատեսչությունների համար, որի հետեւանքով կտնտեսենք 22 մլն դրամ»: Կառավարությունը մերժել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկը՝ ԱԺ-ի տրանսպորտային ծախսերը (բենզին) ավելացնել 70 մլն դրամով՝ հիմնավորելով. «Նշված ծախսերը հաշվարկելիս ցուցաբերվել է ընդհանուր մոտեցում, եւ առանձին մարմնի համար տարանջատումը գտնում ենք ոչ նպատակահարմար»: Մինչդեռ ԿԲ-ի դեպքում ցուցաբերվել է առանձին մոտեցում. «ԿԲ ծառայողական փոխադրամիջոցների վառելիքի օրական չափաքանակները համադրելի չեն նախարարությունների եւ գերատեսչությունների վառելիքի չափաքանակների հետ»: ՕԵԿ-ն առաջարկել է գոնե 10%-ով կրճատել ԿԲ կապիտալ ներդրումների եւ հիմնական միջոցների ձեռք բերման համար նախատեսված 10.5 մլրդ դրամը: Կառավարությունն էլի մերժել է. «ԿԲ կապիտալ ներդրումները համարվում են պետության կապիտալ ծախսերի բաղկացուցիչ մասը, որը խիստ անհրաժեշտ է այսօր՝ ճգնաժամի պայմաններում ընդլայնվող քաղաքականություն իրականացնելու համար»:

Եվս մի քանի անձեռնմխելիներ
Կառավարությունը չի ընդունել «Ժառանգության» առաջարկը՝ նվազեցնել Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին» հատկացումները 16 մլն դրամով՝ այն տրամադրելով անտառավերականգնման եւ անտառշինական աշխատանքներին: «Քաղաքական հետազոտություններ» ծրագրով հատկացումները նախատեսված են ապահովելու «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը»,- պատասխանել է գործադիր մարմինը: Համանման մերժում է հետեւել նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնին» տրամադրվելիք 3 մլն դրամը մանկապատանեկան մամուլին տրամադրելու առաջարկին:
Ավելորդ է անգամ նշել, որ մերժվել է նաեւ «Ժառանգության» առաջարկը՝ նվազեցնել «Չեսս» շախմատային ակադեմիա» հիմնադրամին տրամադրվելիք գումարը 15 մլն դրամով՝ այն հատկացնելով հաշմանդամային սպորտին։

Ովքե՞ր են «ձեռնմխելիները»
Մերժվել է «Ժառանգության» առաջարկը՝ Վայոց Ձորի Հերհեր համայնքի խմելու ջրի արտաքին ցանցի 3 կմ հատվածի եւ միջանկյալ ջրահավաքի կառուցման համար հատկացնել 13.8 մլն դրամ, որից համայնքի ներդրումը՝ 1,8 մլն դրամ: Թեեւ խմբակցությունը նշել է. «Համայնքի բնակչությունը չունի մաքուր եւ որակյալ խմելու ջուր, եւ 40-60 ծուխ ընդհանրապես զրկված են որակյալ խմելու ջրից»՝ կառավարությունը պատասխանել է. «Առաջարկությունը չի ընդունվել, ելնելով 2010 թվականի պետբյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»: Նույն պատասխանը տրվել է նաեւ Սյունիքի մարզի Տորունիք եւ Եղեգ համայնքների խմելու ջրի ջրագծերի վերանորոգման համար գումարներ տրամադրելու առաջարկներին ի պատասխան, թեեւ դարձյալ նշվել է, որ այդ համայնքների բնակիչները անխափան մաքուր ջրամատակարարման կարիք ունեն։
«Ժառանգությունը» նաեւ առաջարկել է Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի գազիֆիկացման համար տրամադրել 65 մլն դրամ՝ նշելով. «Համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման համար անհրաժեշտ պայման է գազիֆիկացումը: Բացի այդ, կխնայվեն շրջակա անտառների ծառերը, որոնք կտրվում են որպես վառելափայտ օգտագործելու նպատակով»:
Սակայն կառավարությունը, որն այդքա՜ն շռայլ է իշխանական կառույցներին գումարներ հատկացնելիս՝ այս առաջարկը եւս չի ընդունել՝ «ելնելով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել