ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել է խոշոր ամերիկահայ կազմակերպությունների նամակին, որով մտահոգություն է հայտնում, որ «Թուրքիան չի կատարում իր միջազգային պարտավորությունները»:
Lragir.am-ի փոխանցմամբ, կազմակերպությունները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին «պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը»՝ առանց նախապայմանների հարաբերություններ չհաստատելու եւ Հայաստանի շրջափակմանը վերջ չդնելու հրապարակային հայտարարությունների առումով: Նամակագիրները կարծում են, որ «իրական հաշտություն հնարավոր է, միայն եթե Թուրքիան համակերպվի իր անցյալի հետ», եւ կոչ էր արվում Օբամային՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը: Նամակը արտահայտում է սփյուռքահայության այն անհանգստությունը, որ եթե «այս կարգավորման գործընթացն օգտագործվի որպես հայերի ցեղասպանությունը չճանաչելու քողարկում, այն հարված կհասցնի մերձեցման գործընթացին եւ մարդկանց բարի կամքի ակնկալիքներին՝ ողջ աշխարհում»: Իր պատասխանում նախագահ Օբաման վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ շրջանակներում»: Նա արձանագրել է, որ այս դիրքորոշումն են արտահայտել նաեւ Շվեյցարիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիությունը: Ավելին, Օբաման նշել է նաեւ, որ «պատմության մասին իմ տեսակետը չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի ամբողջական, ազնիվ եւ արդար ճանաչմամբ»: Հիշեցնենք, որ այս տեսակետն Օբաման արտահայտել էր ավելի վաղ Թուրքիա կատարած այցի ընթացքում, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում, որտեղ մի քանի անգամ արտասանվել է հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Ամերիկահայ երկու թեմերը, ՀԲԸՄ-ն եւ Ամերիկայի հայկական համագումարը ողջունում են հայ ժողովրդին օգնելու՝ Օբամայի պատրաստակամությունը եւ միասնաբար հայտարարում են, որ ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը չպետք է գերի դառնա հարաբերությունների կարգավորմանը: Նրանք նաեւ կարծում են, որ ԱՄՆ նախագահի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ՝ կարեւոր առիթ է, որ Թուրքիայի կառավարությունը հաշվետվություն տա Հայաստանի շրջափակումը դադարեցնելու եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու միջազգային պարտավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդունի, որ ցեղասպանություն է իրականացրել: