Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 08,2009 00:00

\"\"ՕԵԿ հարցապնդմամբ փորձ է արվում խոչընդոտե՞լ, որ չքննարկվի ՀՅԴ հարցապնդումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:

2005 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն ընձեռվեց, որ խորհրդարանական խմբակցությունները հանդես գան գրավոր հարցապնդումներով, որոնք կարող են քննարկվել խորհրդարանում, եւ դրանց վերաբերյալ ԱԺ-ն կարող է կայացնել որոշում: Անցած ժամանակահատվածում որեւէ խմբակցություն չէր օգտվել այս հնարավորությունից: Բայց այն բանից հետո, երբ անցած շաբաթ ՀՅԴ-ն բացահայտեց, որ դեռ հոկտեմբերի 30-ին է իրենց խմբակցությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել հարցապնդում, որը վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, եւ խնդիր են դնելու, որ այդ հարցն ԱԺ-ում քննարկման առարկա դառնա ու դրա հետ կապված որոշում ընդունվի՝ հանկարծ պարզ դարձավ, որ կառավարությանը հարցապնդում է ուղղել նաեւ ՕԵԿ խմբակցությունը: Իսկ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ «Հարցապնդումների քննարկման հաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի թվաքանակի՝ փոքրից մեծ»: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին, նախ կքննարկվի ՕԵԿ հարցապնդումը, քանի որ այդ խմբակցությունում պատգամավորները 8-ն են, իսկ ՀՅԴ խմբակցությունում՝ 16-ը: Քիչ հավանական է, որ ժամանակ կմնա ՀՅԴ հարցապնդման քննարկումն ավարտելու համար: Հիշեցնենք նաեւ, որ այս քառօրյան վերջինն է: Հաջորդ նման հնարավորությունը կընձեռվի արդեն գարնանային նստաշրջանում:
Ներկայացնենք մի քանիսն այն 23 հարցերից, որոնք հարցապնդման մեջ փորձել է պարզաբանել ՀՅԴ-ն, ու նաեւ, թե ինչ է դրանց պատասխանել կառավարությունը՝ հանձին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի:
ՀՅԴ. «Եղե՞լ են արդյոք պայմանավորվածություններ նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու մասին, եւ եթե այո, ապա ինչպիսի՞ք»:
ԱԳ նախարար. «Նախաստորագրված արձանագրությունները փոփոխելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել։ Ո՛չ թուրքական եւ ո՛չ էլ հայկական կողմը նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել»:
ՀՅԴ. «Քննարկվե՞լ է արդյոք հայկական կողմից ստորագրման փուլում վերապահում անելու հնարավորությունը ու ի՞նչ բովանդակությամբ: Արդյոք ՀՀ նախագահի ուղերձը դիտվո՞ւմ է որպես արձանագրությունների կնքման ընթացքում արված վերապահում, եթե ոչ, ապա ինչպիսի՞ իրավական նշանակություն ունի այդ ուղերձը ՀՀ կառավարության համար»:
ԱԳ նախարար. «Հայաստանի կողմից վերապահում անելու անհրաժեշտություն չի եղել։ Արձանագրությունների դրույթների նշանակության եւ բովանդակության վերաբերյալ բազմիցս եղել են ՀՀ նախագահի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի մեկնաբանություններն ու հայտարարությունները։ Ընդ որում, ՀՀ նախագահի ուղերձը հանդիսանում է հայկական կողմի մոտեցումների պաշտոնական արձանագրում»:
ՀՅԴ. «Արդյոք ՀՀ կառավարությունը Թուրքիայի Հանրապետության ներկա սահմանների ընդունումն ու հաստատումը եւ պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրությունը համարո՞ւմ է հայոց պետականության հիմնարար սկզբունք ու համազգային նպատակ: (…) Արձանագրություններով ամրագրված դրույթների առկայությամբ ի՞նչ կարգով է ՀՀ կառավարությունը հետամուտ լինելու Հայոց ցեղասպանությունը դատապարտելու սահմանադրական պահանջի կատարմանը եւ որքանո՞վ է այն համապատասխանելու երկու երկրների կողմից ստանձնած հանձնառությանը՝ ձեռնպահ մնալու բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»:
ԱԳ նախարար. «ՀՀ սահմանադրական դատարանն է որոշում միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Հետեւաբար, սույն ենթակետերում ներառված հարցադրումները քննարկման առարկա կհանդիսանան ՍԴ-ի կողմից։ ՀՀ իշխանությունների կողմից իրականացված քայլերն ուղղված են եղել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերությունների ստեղծմանը։ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է եղել ու հետամուտ է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը՝ համոզված լինելով, որ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից նպաստելու է ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»:
ՀՅԴ. «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման շարունակվող քաղաքականության, ինչպես նաեւ այդ հարցով Թուրքիայի քրեական օրենսդրության մեջ առկա ձեւակերպումների ներքո՝ ՀՀ կառավարության ենթակայությամբ գործող հանձնաժողովում, ՀՀ կառավարությունը կարո՞ղ է արդյոք բարձրացնել Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու կամ նվազեցնելու հարցեր, ինչպես պնդում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք»:
ԱԳ նախարար. «Նախատեսվող հանձնաժողովի եւ ենթահանձնաժողովների աշխատանքների արդյունավետությունը կարող է քննարկման առարկա հանդիսանալ ու գնահատվել միայն դրանց լիազորությունների շրջանակի, աշխատանքների կազմակերպման վերաբերյալ դրույթների հստակեցման եւ աշխատանքների մեկնարկից հետո»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարել է, թե այս պատասխանները բողոքարկելու է դատական կարգով՝ ապացուցելու համար ԱԳՆ-ի եւ կառավարության ոչ իրավաչափ վարքագիծն ու կառավարության լիազորությունների գերազանցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել