Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»

Դեկտեմբեր 08,2009 00:00

\"\"Նիկոլ Փաշինյանի այս կարգախոսին կմիանա նաեւ Հմայակ Հովհաննիսյանը

Երեկվանից մեկնարկել է թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին՝ Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատից հրաժարվելու արդյունքում: Գրանցված եւ մրցակից թեկնածուներն են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: Ի տարբերություն մյուս թեկնածուների, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անցկացնելու է վստահված անձանց միջոցով: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մրցակցությունն անհավասար չի ստացվում, ասաց. «Ընտրական օրենսգիրքը սահմանում է կալանքի տակ գտնվող քաղաքացիների պատգամավորության թեկնածու գրանցումից հետո ընտրապայքարին մասնակցելու եւ նախընտրական քարոզչություն վարելու կարգը: Այսինքն, նախնական կալանքում գտնվող թեկնածուն նախընտրական քարոզչությունը կատարում է իր լիազոր ներկայացուցիչների միջոցով, որոնք թեկնածուի հետ պարբերաբար շփվելու եւ համապատասխան կարգադրություններ ստանալու հնարավորություն են ունենում»: «Առավոտի» դիտարկմանը, որ ոչ աշխատանքային օրերին լիազոր անձերի հետ շփման հնարավորությունից զրկվելով, միեւնույն է, ստացվում է անհավասար մրցակցություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն Ընտրական օրենսգրքի եւ ԿԸՀ-ի խնդիրը չէ»:
Երեկ դատարանը մերժեց Փաշինյանին ազատ արձակելու՝ այդպիսով հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու միջնորդությունը: Օրենքը վստահված անձանց թույլ է տալիս ամեն օր երկու ժամով հանդիպել պատգամավորության թեկնածուին։ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ արդեն երեկ իրենք հանդիպել են Փաշինյանին եւ քննարկել քարոզարշավի մարտավարությունը: Քարոզարշավը լինելու է հասցեական. շուրջ 6 տասնյակ երիտասարդներ տուն առ տուն այցելելու են ընտրատարածքի ընտրողներին եւ կբաժանեն տեսասկավառակներ, որտեղ կլինեն Փաշինյանի ուղերձը, ինչպես նաեւ քարոզչական այլ նյութեր:  Փաշինյանի վստահված անձինք ոչ աշխատանքային օրերին հանդիպելու հարցը պատրաստվում են բարձրաձայնել պատկան մարմնի առջեւ: Բանավոր զրույցում նրանց խոստացել են ճշտել՝ թե ի՞նչ հնարավորություններ կան եւ տեղեկացնել: «Երեւի Գորիկ Հակոբյանից կամ Բաղրամյան 26-ից են պատասխանի սպասում»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը: Նա համոզված է, որ Նիկոլի կամային հատկությունները թույլ չեն տա, որպեսզի այս ժամանակավոր անազատությունը նրան կաշկանդի: Փաշինյանի գլխավոր կարգախոսն է՝ «Իմ հաղթանակը քո հաղթանակն է»:
Երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ոչ միայն ուրախ է Նիկոլի գրանցման համար, այլեւ սերտ համագործակցելու է Նիկոլի շտաբի հետ. «Մենք տանելու ենք համաձայնեցված քարոզարշավ, որովհետեւ ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես նախապես հայտարարել էի, ընտրական գործընթացի բոլոր փուլերում պաշտպանելու եմ Նիկոլի իրավունքները: Այսօր էլ պահանջում եմ, որպեսզի ժամանակավոր կասեցվի դատավարությունը, փոխվի Նիկոլի խափանման միջոցը, որպեսզի նա հավասար հիմունքներով մասնակցի քարոզարշավին: Այլապես, այս ընտրությունների արդյունքն արժեզրկվելու է: Քանի որ իշխանությունները հրաժարվում են դա անել, ես իմ քարոզարշավի ընթացքում, մինչեւ դեկտեմբերի 31-ը, փորձելու եմ լրացնել իշխանությունների կողմից ստեղծված անհավասար մրցակցությունը»: Հմայակ Հովհաննիսյանն իշխանություններին առաջարկում է քաղաքական դաշտում լինել «ազնիվ, ազնվական», մերժել «բորենիական, արմունկներով աշխատելու մեթոդը» եւ հայտարարում, որ ինքը հալածյալի, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող մարդու հետ չի մրցակցելու, այլ պաշտպանելու է նրա շահերը՝ «ինչպես արել եմ իմ կենսագրության ընթացքում՝ սկսած 90-ականներից»: Հմայակ Հովհաննիսյանի հարցազրույցի մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:
«Ազգային միաբանության» թեկնածու Արա Սիմոնյանը նախ հրաժարվեց ոչ միայն այս առիթով, այլ ընդհանրապես իր մրցակիցներին առնչվող որեւէ հարցի պատասխանելուց: Տեղի տալով «Առավոտի» համառությանը՝ ասաց. «Մենք ոչ վազքուղիում ենք, ոչ էլ ռինգում, որ որեւէ մեկի դեմ պայքարենք: Մեր կուսակցությունն իր ծրագրերը ներկայացնելով՝ ակնկալում է Կենտրոնի բնակիչների վստահությունը: Որքանո՞վ դա մեզ կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»: Իսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանի կարծիքը ճշտել այս հարցերի վերաբերյալ՝ երեկ հնարավոր չեղավ. մինչեւ ուշ երեկո հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել