Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչ Պավել Լապտեւը պնդել է անհապաղ արագացնել «Կոնոնովն ընդդեմ Լատվիայի» գործի դատալսումը: Լապտեւի պնդմամբ, 84-ամյա հակաֆաշիստ վետերանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Բացի այդ, Ստրասբուրգի դատարանն արդեն երեք տարի է՝ չի սկսել գործի քննությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վասիլի Կոնոնովը եղել է պարտիզանական ջոկատի հրամանատար, որը մարտնչում էր ֆաշիստների դեմ՝ օկուպացված Լատվիայի տարածաշրջանում: Սակայն այժմյան Լատվիայի կառավարությունը փորձում է նրան դիտել հանցագործ: Վետերանին հետապնդումն արդեն շարունակվում է շուրջ 10 տարի: Նրան բանտ նստեցրին, մի քանի անգամ դատապարտել են ազատազրկման, եւ, ի վերջո, մեղավոր են ճանաչել զինվորական հանցագործություններում՝ դատապարտելով նրան 1 տարի 8 ամիս ազատազրկման: 2004 թ. Վասիլի Կոնոնովը բողոք է ուղարկել Ստրասբուրգի դատարան, սակայն մինչ օրս նրա դատական գործի քննման օրը չի նշանակվել: