Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ազգականները սայնթոլոգներին կոչ են արել դադարեցնել նրա լուսանկարների տեղադրումն իրենց գրականության մեջ: qahana.am-ը նշում է, որ այդ կազմակերպության անդամներն օգտագործել են Չերչիլի լուսանկարները եւ նրա նշանավոր ելույթներից մեջբերումներ՝ իրենց շարքերում նոր հետեւորդների հավաքագրման եւ Մեծ Բրիտանիայում նոր կենտրոնների ստեղծման համար գումարների ստացման նպատակով:
«Կարծում եմ, որ նրանք անհապաղ կդադարեցնեն իմ պապի լուսանկարների օգտագործումը: Չգիտեմ, թե էլ ինչ կարելի է ձեռնարկել, սակայն ես նրանց գրել եմ, այժմ տեսնենք, թե հետո ինչ կլինի»,- ասել է նախկին վարչապետի թոռը՝ խորհրդարանում Պահպանողական կուսակցության անդամ Նիքոլաս Սոումսը:
Այնինչ, սայնթոլոգները փորձում են պաշտպանել Չերչիլի լուսանկարների օգտագործման իրենց իրավունքները՝ «զրպարտիչներին» մեղադրելով «չարիք պատճառելու» մտադրության մեջ:
Հավելենք, որ «Սայնթոլոգիայի եկեղեցին» հիմնվել է 1953թ. ֆանտաստ գրող Ռոն Հաբբարդի կողմից: Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում, ի տարբերություն ԱՄՆ-ի, այն մինչ այժմ ընդունված չէ որպես կրոնական կազմակերպություն: Ի դեպ, Փարիզի դատարանը հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի սայնթոլոգների առաջատար կառույցներին տուգանել է 600 հազար եվրոյով՝ խարդախության համար: