Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտիմ հարաբերությունների հիգիենան

Դեկտեմբեր 05,2009 00:00

Երիտասարդ հասակում մարդու մեջ ձեւավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված է մեր առողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաեւ ֆիզիկական հմայքը: Առողջության եւ գեղեցկության առաջին նախադրյալը մաքրությունն է: Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչեւ սեռական հասունացումը մաքրությանը մեծ ուշադրություն չեն դարձնում: Ֆիզիկական բուռն աճի եւ մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարեւորվում: Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան), ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը: Քնից առաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի եւ ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաեւ մաշկի մանրէների կենսագործունեության հետեւանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն: Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն եւ խաղաղ քուն պարգեւում:

Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է եւ՛ աղջիկներին, եւ՛ տղաներին:

Սեռական դաստիարակության կարեւոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը եւ անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը:

Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարեւորը դաշտանի մասին տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար առաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ, սարսափեցնող երեւույթ:

Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը եւ մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երեւույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ եւ սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ դրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երեւույթը շարունակվում է մի քանի տարի, եւ, այսպես կոչված, պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ:

Ոմանք պնդում են, թե սեռական կյանքով ապրելու դեպքում՝ ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից, հաճախակի լվացվել, օգտագործել դիմահարդարման միջոցներ եւ հաճախակի փոխել սպիտակեղենը:

Տղաների դեպքում՝ մանրէների զարգացման համար բարենպաստ եւ սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի եւ թլիփի միջեւ կուտակվող լորձը, մեզի, թլփաճարպի, ինչպես նաեւ երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները: Թլիփի մաշկը բորբոքվելով՝ կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ եւ նեղացում, որը շատ ցավոտ է: Երբեմն բորբոքման հետեւանքով առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ:

doctors.am-ը նշում է՝ թարմությամբ հագեցած մարմնի բուրմունքը էրոտիկ ուժեղ ազդեցություն ունի, իսկ փնթիությունը, առատ քրտնարտադրությունը բացասական ազդեցություն են թողնում: Սեռական անհամատեղելիությունը, սեռական հարաբերության ընթացքի ձախողումները, զուգընկերոջ նկատմամբ տհաճությունը կարող են այդպիսի սուբյեկտիվ գործոնների հետեւանք լինել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել