Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ Է ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Խոսքը՝ կնոջ ծննդաբերության ընթացքում ամուսնու ներկայության մասին է. հոգեբանի մեկնաբանությունները

«Ծննդաբերության ժամանակ ամուսնու ներկա գտնվելը մեր ազգային մտածողությանը հարազատ եւ հարիր չէ»,- ասում է հոգեբան Սուսաննա Հակոբյանը:

Թեմայի վերաբերյալ զրուցելիս հոգեբանն ասաց, որ ամուսնու ներկայությունը ծննդասենյակում՝ ավելի շատ կբարդացնի կնոջ ծննաբերության ընթացքը. «Բոլոր ժամանակներում էլ եղել է այդպիսի հարց, խնդիր՝ մասնակցե՞ն տղամարդիկ կնոջ ծննդաբերությանը, թե՞ ոչ: Երբ այսօր արտասահմանյան ֆիլմերում ծննդաբերության կադրերը այդքան բաց եւ անկաշկանդ ցուցադրվում են՝ հայերիս համար այս խնդիրը շարունակում է մնալ օտար եւ անընդունելի, քանի որ ամոթխածությունը ամեն դեպքում մեր ազգին ավելի բնորոշ որակ եւ հատկանիշ է, որի պատճառով էլ այս հարցի շուրջ կան որոշակի վերապահումներ, սահմանափակումներ: Ժամանակները փոխվում են, մարդիկ, մտածողությունը, աշխարհայացքը փոխվում են եւ օտարամոլության ձգտումով, թվում է թե, լավ բաներ են ներմուծվում հայկական կենցաղ, բայց դրանք ոչ միշտ են ճիշտ եւ արդյունավետ: Դրանցից մեկն էլ հենց ծննդաբերության ժամանակ տղամարդու ներկայությունն է: Ծննդաբերության ընթացքում տղամարդու ներկայությունը շատ քիչ բան կարող է տալ: Օրինակ, եթե կինն ունի որոշակի հիվանդություններ, որոնք բարդացնում են ծննդաբերությունը, այս դեպքում արդեն հարազատ, իրեն կարեկցող, իր հետ կյանքի ծանրությունը կրող մարդու՝ ամուսնու ներկայությունը պարտադիր է: Երբ ուղղակի հետաքրքրությունից դրդված է ամուսինն ուզում ներկա լինել, կնոջ համար դա կարող է նվաստացուցիչ լինել»:

Հոգեբանը նշում է, որ կախված մարդու տեսակից, ծննդաբերության ժամանակ ամուսնու ներկայության ազդեցությունը կարող է տարբեր լինել. «Տղամարդկանց մի տեսակ կա, որոնց մոտ առկա է հիվանդագին մտածելակերպ՝ բժիշկները շատ անխիղճ են, կարող են իր երեխային վնասել, փոխել, եւ այս հիվանդագին մտածելակերպից ելնելով՝ ցանկանում են անպայման մասնակցել կնոջ ծննդաբերությանը»:

Կանանց կողմից տղամարդու ներկայության ցանկության մասին էլ Ս. Հակոբյանը ասաց. «Դեպքերը տարբեր են եւ բացառիկ, բայց հիմնականում, եթե կինն է ուզում, որ ամուսինը մասնակցի այդ պրոցեսին, ուրեմն ինքն ավելի շատ ուզում է խղճահարության զգացում առաջացնել»:

Իսկ կնոջ կամքին հակառակ տղամարդու ներկայությունը ծննդաբերության ընթացքին՝ ըստ Ս. Հակոբյանի, հոգեբանական մեծ հարված կարող է լինել. «Հոգեբանական հարվածը միայն ծննդաբերությանը չի վերաբերում: Կանանց մի տեսակ կա, որ չի սիրում, երբ իրեն խղճում են: Արգելում է անգամ հիվանդ ժամանակ այցելությունները, առավել եւս՝ ծննդատանը. ծննդաբերելն իր համար սարսափելի երեւույթ է: Այս դեպքում, իհարկե, կինը չի ցանկանա, որ իրեն տեսնեն այդ վիճակում, որովհետեւ բուն պրոցեսը ֆիլմերում գեղեցիկ ներկայացված տարբերակով չէ: Ֆիլմերում բոլորովին ուրիշ տեսարաններ են: Կարծում եմ, տղամարդկանց կողմից ծննդաբերության մասնակցելը՝ գրոհ է կնոջ վրա. ծննդաբերության ցավերը, սթրեսները, դրան էլ գումարած տղամարդու ներկայությունը… Ի՞նչ իմաստ ունի: Սա հակամարդկային է եւ հակացուցված»:

Հոգեբանն ավելացնում է, որ տղամարդու ներկայությունը թե բացասական, թե դրական ազդեցություններ է թողնում. «Այն բոլոր նորմալ պրոցեսները, որոնք տեղի են ունենում սպասելով, ուրախանալով, թեկուզ դժվարությամբ կարեկցելով, իրար փոխադարձ հասկանալով, դրական կողմ են հանդիսանում: Իսկ մնացածը՝ պարզապես ինչ-որ մեկին նմանվելու կամ ընդօրինակելու, ընկերական շրջապատում հպարտանալու նպատակով կնոջ ծննդաբերությանը ներկա գտնվելու ձգտումները՝ դրական կողմեր ունենալ չեն կարող, սրանք ավելի պատանեկան տրամաբանության եւ չհասունացած լինելու հետեւանքն են: Հասունացած եւ տեղեկացած մարդը բոլորովին ուրիշ վարքագիծ է մշակում իր համար:

Իսկ ընտանեկան ամրությունը դրանով պայմանավորված չէ, այդ փաստը միայն Ամերիկայի նման երկրում կարող է ընտանիքի ամրության վրա ազդել, բայց ոչ՝ Հայաստանում: Հայ տղամարդը առանց ծննդաբերության պրոցեսը տեսնելու էլ գիտի, թե որքան դժվար եւ բարդ են երկունքի ցավերը ու հաստատ ինքն էլ է ցավ կրում կնոջ ծննդաբերության ժամանակ, ծնարանի դռներից այն կողմ եւ այդ ամենը տեսնելու կարիք չունի, որ հասկանա, թե որքան թանկ է իր համար իր կինը եւ ինչ տանջանքների գնով է իրեն երեխա պարգեւել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել