Ըստ պտտվող շշուկների, որոնք «The FA»-ն կտրականապես հերքում է, վերջերս Ֆրենկ Լեմպարդի՝ Անգլիայի հավաքականը թողնել հարկադրած վնասվածքի պատճառ դարձել է Դոհա մեկնող ինքնաթիռի չափից ավելի նեղ բազկաթոռը: Սակայն այս օրինակը ոչինչ է ստորեւ ներկայացվող 10 ամենատարօրինակ վնասվածքների շարքում, որ երբեւէ ստացել են ֆուտբոլիստները:
1. Շունը (տանը)
«Ստոկ Սիթիի» եւ Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Լայեմ Լոուրենսը 2008/09 թթ. մրցաշրջանի սկզբում վնասել է ոտնաթաթը՝ բախվելով իր իսկ շան հետ, որի հետեւանքով շարքից դուրս է եկել երեք ամսով:
2. Հեռուստահեռակառավարման սարքը
Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Դեւիդ Ջեյմսը մի անգամ մեջքի մկանը ձգել է, երբ նստած տեղը ձեռքը մեկնելով՝ ցանկացել է վերցնել իրենից մի փոքր հեռու դրված հեռուստահեռակառավարման սարքը:
3. Շունը (դաշտում)
«Բրենդֆորդի» դարպասապահ Քրիս Բրոդիի մարզական կարիերան 1970 թվականի հոկտեմբերին ընդհատվեց այն բանից հետո, երբ նա բախվեց դաշտ ներխուժած շանը: Արդյունքում նրա ծունկը կոտրվեց, որից լիովին ապաքինվել նա այդպես էլ չկարողացավ:
4. Պայթած հավկիթը
Այս տարվա մայիսին շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի պաշտպան Քըրք Բրոուդֆուտը հիվանդանոց ընկավ միկրոալիքային վառարանում անհաջող տաքացված կերակուրի պատճառով: 25-ամյա ֆուտբոլիստը ցանկացել էր այնտեղ հավկիթ եփել: Սակայն երբ բացել էր վառարանի դռնակը, հավկիթը պայթել էր եւ այրել ֆուտբոլիստի դեմքը:
5. Աքսելերատորը
«Ասթոն Վիլլայի» պաշտպաններից մեկը ծնկի վնասվածք էր ստացել սեփական «Ferrari»-ում, երբ փորձել էր ոտքով հասնել աքսելերատորին: Ֆուտբոլիստի հիասթափությունն այնքան մեծ է եղել, որ նա շուտով «իտալացուն» փոխարինել է «Rover 416»-ով:
6. Իշայծյամը
70-ական թվականներին հանդես եկող նորվեգացի պաշտպան Սվեն Գրյոնդալեն առավոտյան վազքի ժամանակ բախվել է… իշայծյամին եւ ստիպված բաց թողել իր հավաքականի հերթական խաղը:
7. Երեխան
«Լիդս Յունայթեդի» եւ «Բլեքբեռն Ռովերսի» նախկին կիսապաշտպան Դեւիդ Մետտիի աքիլեսյան գարշապարի վնասվածքի պատճառ դարձել է իր իսկ երեխան, որը երեք ակնանի հեծանվով «վրաերթի» է ենթարկել հորը:
8. Շան մեզը
«Բարնսլիի» կիսապաշտպան Դարրեն Բեռնարդը ծնկաջղի կտրվածքով վեց ամիս անցկացրել է հիվանդանոցում: Նա խոհանոցում անզգուշաբար ոտքը դրել էր շան մեզի լճակի մեջ:
9. Անզսպությունը
1975 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Ալեքս Ստեպնին խաղի ժամանակ այնքան բարձր է բղավել թիմակիցների վրա, որ կոտրել է… ծնոտը:
10. Խոզերի արշավը
Սա արդեն ոչ թե վնասվածք, այլ իսկական ողբերգություն է: 1995 թվականին ինդոնեզացի ֆուտբոլիստ Միսթարը մահացավ 25 տարեկանում: Այդ ժամանակ խոզերի մի խումբ, ներխուժելով մարզումային խաղադաշտ, ֆուտբոլիստին մահվան հասցնելու աստիճան ոտնատակ է տվել: