2009 թվականի հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների 2008 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2008 թվականի ընթացքում զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը, ուստի գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրել է այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ:
2008-ին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացրած 10 մարզպետներից միայն 2-ն են 2008-ի ընթացքում օտարել կամ ձեռք բերել որեւէ գույք, այն էլ՝ միայն անշարժ գույք: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ձեռք է բերել 1 հողամաս եւ 6 շենք եւ շինություն, օտարել է 2 շենք ու շինություն: Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը ձեռք է բերել 2 շենք եւ շինություն՝ փոխարենը ոչինչ չօտարելով:
2008 թվականի ընթացքում գույքով եւ արտարժույթով եկամուտ ունեցել է միայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Արտարժույթով եկամուտը կազմում է 78 ԱՄՆ դոլար, իսկ գույքով եկամուտի արժողությունը 7 620 000 ՀՀ դրամ է:
2008-ի ընթացքում ամենաշատ եկամուտը ստացել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը՝ 35 070 600 դրամ: Արամ Քոչարյանի եկամուտը մոտ 17 անգամ ավելի է, քան մարզպետների շրջանում 2008-ի ընթացքում ամենաքիչ եկամուտն ունեցած Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ցուցանիշն է՝ 2 074 713 դրամ եւ 2 անգամ ավելի, քան 2008թ.-ին ամենաշատ եկամուտը ստացած նախարարներից երկրորդի՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ցուցանիշն է (16 401 983 դրամ՝ ներառյալ գույքով ստացած եկամուտը): Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին հաջորդում է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը՝ 16 401 983 դրամ եկամուտով:
2008 թվականին ամենաքիչ եկամուտն ունեցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: 2008թ.-ին պաշտոնավարելով որպես Արագածոտնի մարզպետի տեղակալ՝ Սարգիս Սահակյանը ունեցել է 2 074 713 դրամ եկամուտ:
Մնացած բոլոր մարզպետներից յուրաքանչյուրի եկամուտների չափը չի գերազանցում 3 միլիոն դրամը: ՀՀ բոլոր մարզպետները միասին 2008թ. ընթացքում ունեցել են 71 310 636 դրամ (որից 7 620 000 դրամ՝ գույքով) եւ 78 ԱՄՆ դոլար եկամուտ: Համեմատության համար միայն նշենք, որ բոլոր մարզպետների եկամուտները միասին վերցրած ավելի քան 5 անգամ քիչ են՝ 2008թ.-ին նախարարների շրջանում ամենաշատ եկամուտը ստացած առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եկամուտից (381 607 396 դրամ):