Սյունիքի անտառապահները ձմեռնամուտին ավելի զգոն են դարձել
1990-ականներին՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայման եւ միաժամանակ դժվարին ու ճգնաժամային տարիներին ապօրինի ծառահատումները ահռելի ծավալների հասան: Սյունիքի անտառային տարածքներն էլ բացառություն չէին, սակայն մարզի անտառները, ի տարբերություն Երեւանին մոտ տարածաշրջանների, քիչ թե շատ պահպանվեցին: Բնապահպանների հավաստմամբ, դա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքից հեռու գտնվելու, մարզից մայրաքաղաք վառելափայտ տեղափոխելու մեծ ծախսերի հետ: Այնուամենայնիվ, Սյունիքում էլ անտառապահպանման խնդիր կա այսօր: Շատ արժեքավոր ծառատեսակներ են ոչնչացվել, պտղատու ծառատեսակների քանակն է պակասել: «Խուստուփ» բնապահպանական հ/կ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը տարիներ առաջ անտառտնտեսության պետ էր աշխատում: Տարածաշրջանի անտառները «անգիր գիտի»: Ասում է՝ այն տարիներին գրեթե ամեն քայլափոխի արժեքավոր ու պտղատու ծառերի էր հանդիպում, տարածաշրջանի անտառներում հիմնականում կեռասենիներ, տանձենիներ, ընկուզենիներ, կաղնիներ եւ այլ ծառատեսակներ են աճում: Սակայն այսօր նույն վայրերում շրջելիս նա հազվադեպ է այդ ծառատեսակներին հանդիպում եւ այս փաստն ինքնին հավաստում է, որ այդ ծառերն էլ են բնակիչների համար վառելափայտ ծառայել: Պտղատու ծառերի բերքը կերակրապաշար է անտառային կենդանիների եւ թռչունների համար: Այսօր դրանց վերացման պատճառով է, որ շատ այգեգործներ բողոքում են, թե իրենց այգիներում մշակված ծառերի պտուղների եւ այգու բանջարեղենի մեծ մասը թռչունների կեր է դառնում:
Ապօրինի անտառահատումները եւ ընդհանրապես մարդկանց կողմից կենսառեսուրսների չկանոնակարգված օգտագործումը կենսաբազմազանության կորստի պատճառ են դառնում: «Մարդկանց ազդեցության հետեւանքով ծառատեսակների անհետացման ներկայիս չափերը նկատելի են եւ դրանից խուսափելու եւ ոչնչացվող տեսակների վերականգնման համար պարբերաբար պետք է լայնածավալ ծառատունկ կատարվի: Կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը շատ մեծ է, ոչնչացումը շատ բացասական հետեւանքների է բերում, քանի որ այն թթվածնի, նյութաէներգետիկական, էկոհամակարգերի կայունության, կլիմակարգավորիչ դեր ունի, ուստի դրա պահպանումը շատ ավելի արժեքավոր է, քան տնտեսական արժեքը»,- ասում է բնապահպանական ոլորտում բազմամյա փորձ ունեցող Վլադիկ Մարտիրոսյանը:
Բնապահպանը նշեց նաեւ, որ անտառահատումները բերում են անտառների նոսրացման եւ բացատների ավելացման: Իսկ, որ ամենակարեւորն է, նպաստում են սողանքային գոտիների եւ հողային էրոզիաների առաջացմանը: Այդ ամենից խուսափելու համար պարոն Մարտիրոսյանը առաջարկում է անտառների պահպանման վերահսկողությունն ուժեղացնել եւ անտառապահներին՝ իրենց հսկողության տակ գտնվող հսկա տարածքների վերահսկումն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրել (ձի եւ այլն): Ըստ մեր զրուցակցի, Սյունիքում նոր պահպանավայրերի ստեղծումը լավագույն միջոցներից մեկը կլինի այս հարցում, առավել եւս, որ Սյունիքն աչքի է ընկնում հրաշալի բնության գողտրիկ անկյուններով: Պահպանավայրերի ստեղծումը կնպաստի նաեւ մարզում տուրիզմի զարգացմանը: Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքում արդեն 50 հազար հեկտար է առանձնացվել՝ «Զանգեզուր» արգելավայրը եւ «Արեւիկ» ազգային պարկը ստեղծելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ով 90-ականներին էլ էր այս ոլորտում աշխատում, ասում է, որ այդ ճգնաժամային տարիներին համառ պայքար էին մղում զանգվածային ապօրինի ծառահատումները կանխելու համար: Նույնիսկ ձմռան ցուրտ օրերին շուրջօրյա հերթապահություն էին սահմանել, որ քաղաքի փողոցների ծառերը գոնե չհատվեն: «Մեր տարածաշրջանում անտառները համեմատաբար պահպանվել են: Հատկապես այս վերջին տարիներին մարզում ապօրինի ծառահատումների թիվը քչացել է, ինչը հիմնականում պայմանավորված է խիստ վերահսկողությամբ, մեր կողմից կիրառվող պատժամիջոցներով, մարդկանց սոցիալական պայմանների որոշակի բարելավմամբ, ինչպես նաեւ մարզի տարածաշրջանների գազիֆիկացմամբ»,- նկատեց Լեւոն Պետրոսյանը: Ըստ պարոն Պետրոսյանի, անտառախախտումների նվազումը արդյունք է նաեւ անտառապահների պատասխանատվության բարձրացման, քանի որ անտառապահն ինքն է պատասխանատվության ենթարկվում՝ ցանկացած ապօրինի ծառահատում չնկատելու եւ չարձանագրելու համար, վնասը վերագրվում է նրան:
Մարզային ոստիկանության հետ համատեղ Սյունիքի 98 հազար հա անտառային տարածքների պահպանմանն ուղղված վերահսկողությունը ձմեռնամուտի այս օրերին ավելի է խստացվել եւ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում ապօրինի անտառահատումների հնարավոր վայրերում՝ գյուղական տարածաշրջաններում ու Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու մերձակայքում:
Թեեւ անտառախախտումները պատկան մարմինների կողմից արձանագրվում են, համապատասխան պատժամիջոցներ են կիրառվում, բայց եւ այնպես՝ ապօրինի ծառահատման դեպքեր շարունակվում են գրանցվել, միակ ուրախալի փաստն այն է, որ դրանց թիվը զգալիորեն նվազել է վերջին տարիներին: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տրամադրած տվյալների՝ 2007թ. 9 ամիսներին Սյունիքի անտառտնտեսություններում ապօրինի ծառահատման 35 դեպք է արձանագրվել (վնասը՝ 2,120 միլիոն դրամ), 2008թ. նույն ժամանակահատվածում արդեն 15 անտառախախտում է արձանագրվել (վնասը՝ 3,287 միլիոն), իսկ ընթացիկ տարում նույն՝ հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է 25 անտառախախտում (վնասը՝ 700 հազար դրամ): «Գյուղացիները, եթե նույնիսկ չոր ծառեր են կտրում, դա եւս անտառախախտում է: Նրանք պետք է դիմեն եւ էժան գներով ձեռք բերեն անտառի թափուկները»,- հավելում է պարոն Պետրոսյանը:
Այսօր կարծես թե ամեն ինչ արվում է անտառային տարածքները պահպանելու, բացասական երեւույթներից խուսափելու, արժեքավոր եւ հազվագյուտ ծառատեսակների կյանքը երկարացնելու համար: Բայց մարզի շատ գյուղեր դեռ գազիֆիկացված չեն ու բնակիչների համար շրջակա անտառները շարունակում են վառելանյութ ծառայել: Շատերի համար էլ վաճառած վառելափայտը սոցիալական խնդիրների լուծման միակ միջոցն է: Ուստի, անտառապահպանման միջոցառումներ ձեռնարկելուն զուգահեռ, նաեւ պետք է մտածել գյուղական վայրերում այլընտրանքային կենսամիջոցներ ստեղծելու մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի բնապաշարների սահմանափակ օգտագործումը, ինչը կբերի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների նվազեցմանը: Իսկ դրանք արդեն մարզում էկոտուրիզմի զարգացմանը խթանող քայլեր են, էկոտուրիզմն էլ կնպաստի եկամուտների աղբյուրի ստեղծմանը՝ տարածաշրջանում: