ՌԴ-ի Ռոստովի մարզի Ազով քաղաքի քաղաքապետարանը շատ արագ կարգով բնակարան է հատկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 84-ամյա Նինա Դիմիդենկոյին (նկարում), ում հարազատները նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ բողոքել էին, թե պատերազմի վետերանը բազմաթիվ անգամ է դիմել քաղաքի վարչակազմին՝ իրեն բնակարան հատկացնելու խնդրանքով, բայց միշտ մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ բնակարան ստանալու համար ժամանակին հերթագրված չի եղել: «Newsru»-ի փոխանցմամբ, քաղաքապետարանը «ուղիղ կապի» հեռարձակման ընթացքում է հատուկ խորհրդակցություն հրավիրել, իսկ հեռարձակումից 40 րոպե անց չինովնիկները, որոնք նախկինում բազմաթիվ անգամ մերժել են թոշակառուին, շատ արագորեն բնակարան են հատկացրել Նինա Դիմիդենկոյին եւ անձամբ են եկել նրա տուն՝ նոր բնակարանի անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հին խնդրի անակնկալ եւ արագ լուծումից հետո թոշակառուն այնքան է հուզվել, որ ճնշումը բարձրանալու արդյունքում անկողին է ընկել:
Բայց սա ամենը չէ: Վարչապետ Պուտինը մի տուն էլ նվիրել է 78-ամյա Ելենա Գոլուբեւային, որի տունը վնասվել էր «Նեւսկի էքսպրեսի» վթարի ենթարկվելու արդյունքում: Պուտինը նրան խոստացել է, որ տիկին Գոլուբեւան Ամանորը կնշի նոր տանը: Նա հայտարարել է, որ թոշակառուի տունը հիմնովին կվերականգնվի: Ավելին, հնարավոր է, որ նա տեղափոխվի նոր տուն, որն ավելի մոտ կլինի նրա բարեկամներին: Ի դեպ, այս ծեր կինը, որը եւս պատերազմի վետերան է, չնայած իր տարիքին, մինչեւ շտապօգնության տեղ հասնելը՝ առաջինն է օգնություն ցուցաբերել պայթեցված գնացքում եղած ուղեւորներին:
Արեւմտյան փորձագետներն արդեն եզրակացրել են՝ Պուտինը պատրաստվում է 2012թ. նախագահական ընտրություններին: