«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը 2009թ. սկզբին գտնվել է Աֆղանստանում: «BBC»-ի փոխանցմամբ, ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրի մասին հաղորդել է Պակիստանում կալանավորված գրոհայիններից մեկը: Նրա ասելով, իրեն խոստացել են հանդիպում կազմակերպել բեն Լադենի հետ, երբ վերջինս հունվար-փետրվար ամիսներին գտնվում էր Աֆղանստանում:
Փորձագետները կարծում են, որ այդ մարդու խոսքերին կարելի է հավատալ: Կալանավորվածի անունը չի հրապարակվում: Պակիստանի հատուկ ծառայությունները շեշտում են, որ նա սերտ կապեր ունի Պակիստանում եւ Աֆղանստանում գործող թալիբների հետ: Հայտնի է նաեւ, որ այդ մարդը մասնակցել է մարդկանց առեւանգման եւ գրոհայինների գործունեության ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման գործողություններին: