Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը (նկարում) հաստատել է Վրաստանին իր շարքերն ընդունելու Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը: «BBC»-ի փոխանցմամբ, Ռասմուսսենն ասել է. «Մենք հաստատում ենք, որ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածությունը ուժի մեջ է, եւ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Նախօրեին ալյանսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ նիստը եւ դրան մասնակցած երկրների արտգործնախարարները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ն նմանատիպ խորհրդակցություն է անցկացրել նաեւ Ռուսաստանի հետ: Ռուսաստան-ՆԱՏՕ նիստը ԱԳ նախարարների մակարդակով անցյալ տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հակամարտությունից հետո առաջինն էր: Հիշեցնենք, որ ռուս-վրացական ռազմական հակամարտությունից հետո ՆԱՏՕ-ն սառեցրել էր հարաբերությունները Մոսկվայի հետ:
Իսկ «Reuters»-ը վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն չեզոքացրել են իրենց տարաձայնությունները, այդ թվում՝ Աֆղանստանի շուրջ, որոնք սպառնում էին տապալել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության շրջանակներում երեք փաստաթղթերի ստորագրումը: Դեռ երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը դժգոհություն էր հայտնել, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի օրակարգ մտցնել Մոսկվայի կողմից առաջարկված Եվրոպայում անվտանգության պայմանագիրը: Ռագոզինն ասել էր, թե Ռուսաստանը կարող է Աֆղանստանի հարցով համագործակցությունն ընդլայնելու հարցը համաձայնեցնել ծագած խնդիրների լուծման հետ: Նոյեմբերի 29-ին հրապարակված այդ նախագծում Մոսկվան առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի կողմից ռազմական ուժի միակողմանի գործադրման հնարավորությունը, եթե նույն կերպ վարվելու առաջարկ կարվի նաեւ ԱՄՆ-ին եւ նրա եվրոպական դաշնակիցներին: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հայտարարել էին, թե սիրով կքննարկեն Ռուսաստանի առաջարկները, բայց դա ԵԱՀԿ-ի գործն է:
Աղբյուրի մատուցմամբ, ռուս դիվանագետներից մեկը հայտարարել է, թե «Ռագոզինի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ երկու խորհրդակցությունների արդյունքում փոխզիջումներ են արվել ու նրանց միջեւ եղած տարաձայնությունը հարթվել է»: Փաստաթղթերը, որոնք պատրաստ են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ստորագրմանը՝ վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ անվտանգության սպառնալիքի համատեղ գնահատումը, 2010թ. համագործակցության ծրագիրը եւ «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի» ապագան: