Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը օրերս արձագանքելով մեր օրաթերթի՝ «Մանկավարժականը կառուցեց Վարդանիկի պա՞պը» վերնագրով հրապարակմանը՝ որոշակի մանրամասներ ներկայացրեց բուհի՝ երկրաշարժից վթարային դարձած, սակայն ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող հին շենքի վերանորոգման ընթացքի մասին:
Վերջինս տեղեկացրեց, որ այս նպատակով կառավարությունը արդեն իսկ 145 միլիոն դրամ տրամադրել է, 35 միլիոն դրամ էլ համաֆինանսավորման կարգով ինստիտուտն իր կողմից է հատկացրել, սակայն ծախսված 180 միլիոն դրամը բավարար չէ գործը ավարտին հասցնելու համար: Ռեկտորն ասաց, որ հաստատված նախագծային հաշվարկներով մոտ 2 միլիոն դոլար է հարկավոր ինստիտուտի շենքի շահագործման հարցն ամբողջությամբ լուծելու համար: Հիշեցնենք, որ այժմ մանկավարժականում նեղվածք է. տարեցտարի նոր բաժիններ են բացվում, սակայն լսարանների թիվը նույնն է մնում: