Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 8-11-ը հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանցիների շրջանում կազմակերպում է գիտելիքների արտաքին գնահատում հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ օտար լեզու առարկաներից:
Դեռ անցյալ ուսումնական տարվա ընթացքում ԳԹԿ-ն երկու անգամ գիտելիքների ընթացիկ արտաքին գնահատում անցկացրեց (այդ մասին «Առավոտը» բազմիցս գրել է): Մեզ հետ զրույցում ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը մեկ անգամ եւս ընդգծեց աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման անհրաժեշտությունը. «Արտաքին գնահատում անցկացնելու նպատակներից է դպրոցներում առկա իրավիճակը պարզելն ու հասարակության առջեւ հանրակրթության ոլորտը թափանցիկ դարձնելը: Նախկինի պես՝ աշակերտների գիտելիքները չեն ստուգվում միայն ավարտական տարվա վերջում, նրանց կրթության մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն է ստացվում պարբերաբար, ինչն էլ թույլ է տալիս առավել ճկուն կերպով հայտնաբերել առկա խնդիրներն ու դրանց պատճառները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Ընթացիկ գնահատման նպատակներից է նաեւ այն, որ աշակերտները վարժվեն թեստային առաջադրանք կատարելու կարգին: Երեխաները պետք է յուրացնեն թեստային քննության այս ձեւը՝ եւ հոգեբանորեն, եւ տեխնիկական առումով»:
Պարոն Փաշայանը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս Ծաղկաձորում կայացած համաժողովի ժամանակ քննարկվել են աշակերտների առաջադիմության ընթացիկ գնահատման բնագավառում համակարգված հակակշիռների մեխանիզմների ստեղծման, ներդրման ու կիրառման հարցերը:
«ԳԹԿ կանոնադրությամբ ամրագրված է սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի ու առաջադրանքների մշակման ու տրամադրման գործառույթը, որը մեր կողմից արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է: Սակայն մի շարք գործոնների ազդեցությունը (ինտերնետային թույլ կապ, թղթի, պատճենահանման սարքերի բացակայություն, ուսումնական հաստատությունների բյուջեով գործառույթը չնախատեսելը, լայնամասշտաբ գործընթացում վերահսկողություն իրականացնելու անհնարինություն եւ, որ ամենակարեւորն է՝ օբյեկտիվ գնահատելու ցանկության բացակայություն), ըստ էության իմաստազուրկ է դարձնում ընթացիկ գնահատումը նման ձեւով անցկացնելը: Այդ իսկ պատճառով ԳԹԿ-ն ծրագրել է նյութերի տրամադրման պասիվ եւ ինքնանպատակ գործառույթը փոխարինել ակտիվ եւ համակարգված գործառույթով՝ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատումով»,- հայտնեց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը:
Իսկ դա նշանակում է, որ ԳԹԿ-ն պետք է ապահովի թեստի կազմումը, գնահատման կազմակերպումն ու անցկացումը, մեթոդական օժանդակությունն աշակերտների առաջադիմության արտաքին ընթացիկ գնահատմանը մասնակից դպրոցների ուսուցիչներին, hամակարգչային գնահատումը, արդյունքների ամփոփումը, վերլուծությումը եւ հրապարակումը, ինչպես նաեւ արդյունքների հիման վրա ընթացիկ արտաքին գնահատման բազայի ձեւավորումը: Ա. Փաշայանը մեկ անգամ եւս շեշտեց, որ ի տարբերություն միասնական եւ պետական ավարտական քննությունների, որոնք՝ որպես ամփոփիչ գնահատում, ունեն ամրագրող բնույթ, ընթացիկ գնահատումն ունի ուսուցողական բնույթ:
Տեղեկացնենք նաեւ, որ ԳԹԿ-ն այս անգամ արտաքին ընթացիկ գնահատումն անմիջականորեն կազմակերպելու է Սյունիքի մարզի եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ու Ավան համայնքների դպրոցներում (թվով 44 դպրոց): Օրական տարբեր դասարաններում երկու գրավոր աշխատանք է տրվելու: Ընդհանուր 16 000 գրավոր աշխատանք է գրվելու, բոլոր աշխատանքները ստուգվելու են ԳԹԿ-ում՝ համակարգչային եղանակով, ինչպես նաեւ առարկայական հանձնաժողովների կողմից: Արդյունքները ԳԹԿ-ն տրամադրելու է դպրոցներին եւ կրթության վարչություններին: Պարոն Փաշայանը հավաստեց, որ վերոնշյալ բոլոր մեկնելու են ԳԹԿ ներկայացուցիչները՝ իրենց հետ տանելով համապատասխան քանակությամբ թեստեր: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մյուս դպրոցներին, ապա նրանք կարող են թեստերը ներբեռնել ԳԹԿ ինտերնետային կայքից (www.atc.am) եւ, ըստ ցանկության, անցկացնել ընթացիկ գնահատում իրենց դպրոցներում:
Սյունիքում ԳԹԿ վերապատրաստումների եւ առարկայական բաժինների աշխատակիցները անցկացնելու են նաեւ վերապատրաստումներ ուսուցիչների հետ՝ ուսուցանելով թեստաբանության տարրական սկզբունքները: