Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՏԽՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները սրվում են հատկապես ձմռան ամիսներին

\"\"Ամեն տարի դեռ աշնան վերջին օրերից այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին տանում են, համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ, սկսում են մտորել՝ ձմռան ամիսներին երեխաներին մանկապարտեզ տանել-չտանելու մասին:

«Առավոտի» հետ զրուցած շատ ծնողներ, որոնց երեխաների հաճախած մանկապարտեզները չեն ջեռուցվում, հայտնեցին հետեւյալը. «Իհարկե, տնօրեններն ասում են, որ խմբասենյակներում ապահովում են բավարար ջերմաստիճան՝ +18, +19: Բայց մենք վստահ չենք, որ իրականում ջերմաստիճանն այդքանի հասնում է: Այդ ինչպե՞ս է, որ մեր բնակարաններում, որտեղ ամբողջ օրը վառվում են էլեկտրական սալիկներ, ջերմաստիճանը չի անցնում +16-ից, իսկ այդ մեծ խմբասենյակում կարող է հասնել +18-ի: Անշուշտ, մենք շահագրգռված ենք երեխաներին մանկապարտեզ տանել, քանի որ նախ՝ չենք ցանկանում, որպեսզի խախտվի երեխայի կրթության շարունակականությունը, եւ հետո՝ աշխատում ենք, իսկ երեխաներին տանը հետեւող չկա»: Իհարկե, տարեցտարի իրավիճակը փոխվում է. պետական հատկացումներով, հովանավորների կամ այլ միջոցներով մանկապարտեզի տնօրենները հաջողացնում են ջեռուցել նախադպրոցական հաստատությունները: Բայց իրավիճակը դեռ հեռու է կատարյալին մոտ լինելուց: Սա փաստեց նաեւ «Առավոտի» կատարած հարցումը Երեւանի մի շարք մանկապարտեզների տնօրենների շրջանում:

Մեր առաջին զրուցակիցը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Նուրիցա Շահբազյանն էր: Նա նշեց. «Մեր մանկապարտեզը կաթսայատուն չունի, խմբասենյակն ու երկու ննջասենյակները տաքացնում ենք էլեկտրական մարտկոցներով, սալիկներով: Իսկ ջեռուցման հարցերը խոստացել են լուծել մինչեւ 2011 թվականը: Բայց այսօր էլ երեխաները հաճախում են եւ եթե որոշ երեխաներ բացակայում էլ են, ապա դա արվում է նրանց ծնողների դիմումի համաձայն»: Շենգավիթ համայնքի թիվ 230 մանկապարտեզի տնօրեն Սոնա Խաչատրյանը եւս փաստեց, որ իրենք չունեն կաթսայատուն, եւ նշեց, թե ինչպես են կազմակերպում աշխատանքները ձմռան ամիսներին. «Ջեռուցումը կատարվում է էլեկտրականության միջոցով: Իհարկե, այնքան էլ հարմար չէ, բայց ստիպված ենք խմբերը կոմպլեկտավորել, որպեսզի կարողանանք աշխատել»:

Էրեբունի համայնքի թիվ 4 մանկապարտեզը եւս չունի կաթսայատուն. այստեղ եւս ձմռան ցրտից պաշտպանվում են էլեկտրական սալիկներով: Տնօրեն Ռիմա Ստեփանյանն ասաց. «Մենք ապահովում ենք +18+19 աստիճան ջերմաստիճան: Այլ կերպ չենք էլ կարող աշխատել, քանի որ անընդհատ տեսչությունից, վարչությունից ստուգումներ են իրականացվում: Գիշեր-ցերեկ վառում ենք, որպեսզի տաք լինի, եւ կարողանանք նաեւ պարապմունքներ իրականացնել»:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում թվով 162 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ըստ քաղաքապետարանի նորանշանակ կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի՝ դրանցից ընդամենը 56-ը ունի կաթսայատուն: Իսկ 102 չջեռուցվող մանկապարտեզներ այս տարի եւս կտաքանան էլեկտրական, փչովի յուղային տաքացուցիչներով ու կաշխատեն խտացված խմբերով:

«Առավոտի» բարձրացրած մտահոգությանը վարչության պետն այսպես արձագանքեց. «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնախնդիրները գտնվում են քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Մենք արդեն մշակել ենք քառամյա ծրագիր, որի շրջանակներում 2010-2013թթ. 102 մանկապարտեզներ աստիճանաբար կջեռուցվեն: 2010-ի համար արդեն կազմված է 24 նախադպրոցական հաստատության կաթսայատան կառուցման պլան: Մանկապարտեզների առումով քաղաքապետարանը ծանր ժառանգություն ստացավ, ու բոլորս էլ գիտենք, որ մանկապարտեզներում տիրող իրավիճակը պարզապես ուրախալի չէ»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե կա՞ն հստակ սահմանված առաջնահերթություններ, որոնց համապատասխան էլ կորոշվի, թե շուտափույթ ո՞ր մանկապարտեզների ջեռուցման հարցերը լուծել, որ հանկարծ այս պարագայում էլ չգործեն խնամի-ծանոթ-բարեկամ, կամ «վերեւներում» ունեցած կապերը: Գ. Սողոմոնյանը պատասխանեց. «Առաջնահերթություն ենք տալու այն մանկապարտեզներին, որոնք ունեն 180-300 սաներ, այնուհետեւ կլուծվեն ավելի նվազ թվով սաներ ունեցող մանկապարտեզների ջեռուցման հարցերը: Հաշվի ենք առնելու նաեւ աշխարհագրական դիրքը. օրինակ՝ Նորք- Մարաշ, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում ջերմաստիճանի 4-5 աստիճանի տարբերություն կա, նաեւ առաջնահերթությունը տալու ենք, այսպես կոչված, ծեր, գիշերօթիկ, մսուրային խմբեր ունեցող մանկապարտեզներին»: Ծնողների անվստահության հետ կապված՝ վարչության պետն ասաց. «Վստահել-չվստահելն իրենց խնդիրն է, պարզապես նրանք կարող են գնալ մանկապարտեզ եւ տեղում ճշտել ջերմաստիճանը: Իսկ մեր վարչության աշխատակիցների կատարած այցերը մանկապարտեզներ եւ ծնողների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ ձմռանը, հատկապես հունվարին, երեխաներին մանկապարտեզ չբերելը մի տեսակ ավանդույթ է դարձել: Այդ դեպքում հարցնում եմ՝ ինչո՞ւ են դեկտեմբերին բերում մանկապարտեզ: Մեծամասնությունը պատասխանում է, որ չի ուզում երեխային զրկել տոնական հանդեսներից, նվերներից եւ տրամադրությունից: Հունվար ամսին մանկապարտեզ չբերելու պատճառը նաեւ այն է, որ հունվարի մի քանի օրեր այսպես թե այնպես արձակուրդային են, եւ ծնողները չեն ցանկանում մնացած օրերի համար վճարել»: Գ. Սողոմոնյանը նշեց նաեւ, որ մանկապարտեզների պարագայում իրենք ծնողներին ստիպելու մեխանիզմներ չունեն, ինչպես դպրոցներում: Այստեղ երեխային բերել-չբերելը ծնողի ցանկությամբ է: Բայց արդեն մշակված նոր կարգը, ըստ վարչության պետի, շատ հարցեր կլուծի: Դա հետեւյալն է. «Արդեն մշակել ենք մի նոր մոդել, որի համաձայն՝ 2010-ից մանկապարտեզները կֆինանսավորվեն սան-թվով, ինչպես դպրոցները: Դրա արդյունքում մենք մանկապարտեզների տնօրեններից կպահանջենք փաստական հաճախումների մասին տեղեկատվություն եւ կհետեւենք, թե արդյոք ֆինանսավորումը նպատակայի՞ն է ծախսվել»: «Առավոտի» այն հարցին, թե արդյոք այս նոր որոշումը տնօրենների մոտ դժգոհություն չառաջացրե՞ց, Գ. Սողոմոնյանը պատասխանեց. «Մանկապարտեզների տնօրենները սովորել էին բոլոր ծախսերն իրենք տնօրինել, բայց ժամանակն է համակարգված աշխատելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել