Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթողությո՞ւն

Դեկտեմբեր 05,2009 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 2-ի «Քննիչը անաչառ չէ՞» հրապարակումով անդրադարձել էինք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին Հայաստանում թալանելու գործի քննությանը: Հայաստանի բնակիչ Վարդուհի Բադալյանից տուժած իրանահայը պնդում էր, որ քննությունը եւ իրավապահները անաչառ չեն եւ անվստահություն էր հայտնում գործը քննող ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչին, հրաժարվում նրա մոտ հետագա քննության ներկայանալուց եւ դիմում ՀՀ նախագահին:

Արսեն Փուրղասեմյանսից տեղեկացանք, որ հրապարակման օրն եւեթ քննիչը իր գործողություններն ավարտին հասցնելու համար տուժողին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հրաժարվելով իր տան դուռը բացել ոստիկանների առջեւ, տուժողը փակ դռան ետեւից այդ մասին հայտնում է ոստիկաններին: «Ինձ ասացին՝ գնում ենք, բայց այսօր էլի ենք գալու: Երկու ժամ հետո նորից եկան: Այս անգամ անպայման բաժին տանելու կոնկրետ ցուցումով: Երբ կրկին դռան ետեւից հիշեցրի քննության նկատմամբ իմ անվստահության մասին, ոստիկանները սպառնացին, որ կկոտրեն դուռս: Հիմա իմ տան մեջ ես ինձ ապահով չեմ զգում: Չեմ հասկանում՝ եթե ես հրաժարվել եմ գործը քննող քննիչից եւ այդ մասին գրավոր տեղեկացրել եմ նաեւ ՀՀ նախագահին՝ հուսալով նրա վերահսկողությամբ գործի անաչառություն, հիմա ի՞նչ հրատապություն կամ ի՞նչ շահագրգռվածություն կա դուռը կոտրելով ինձ բերման ենթարկել»,- ասաց տուժողը:

Իսկ տուժողի շահերի ներկայացուցիչ Սիլվա Ասլանյանը «Առավոտին» փոխանցեց, որ հեռախոսով կապվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Գագիկ Կարապետյանի հետ եւ հարցրել. ի՞նչ անհրաժեշտություն կա դուռը կոտրելով մարդուն բերման ենթարկել, երբ քրեական գործն ուսումնասիրվում է քննչական գլխավոր վարչությունում եւ, չի բացառվում, որ դրա հետագա քննությունը այլ բաժնում շարունակվի: «Գագիկ Կարապետյանը իրեն վերապահելով ՀՀ գլխավոր դատախազի եւ քննչական գլխավոր վարչության պետի գործառույթ, պատասխանեց՝ էդ գործը մենք ենք քննել, մենք էլ քննելու ենք: Որտեղի՞ց այսքան ինքնավստահություն… Ես իմ անվստահությունն եմ հայտնում Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնին: Միաժամանակ խնդրում եմ երկրի նախագահից հսկողության տակ վերցնել նշված գործի քննությունը»,- հայտարարեց տուժողի շահերի ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել