Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրերի թողարկումից իմացա քրգործի մասին…

Դեկտեմբեր 05,2009 00:00

Սեփականության իրավունքը չգրանցած

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության ենթասպա, ջոկի հրամանատար Սամվել Դերենիկի Ենգիբարյանը «Առավոտին» հայտնեց, որ դիմել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Ա. Սարգսյանին: Նրա հայրը՝ Դերենիկ Ենգիբարանը 1990 թվականից աշխատել է Իջեւանի անտառտնտեսությունում, որի հաշվեկշռում գտնվել է «Արցախ» ռեստորանին հարակից հողատարածքը։ 1992թ. հուլիսի 31-ին Դ. Ենգիբարյանի եւ Իջեւանի անտառտնտեսության միջեւ կնքվում է նշված հողատարածքի վարձակալության պայմանագիր։ «1996թ. այդ տարածքը հանդիսացել է Գետահովիտ համայնքի սեփականությունը եւ սեփականության իրավունքով, հորս համաձայնությամբ հատկացվել է ինձ, իսկ հողի արժեքը վճարվել է հորս կողմից։ 1996թ. առայսօր հողատարածքը տիրապետում է մեր ընտանիքը՝ որպես խոտհարք: Հողի նկատմամբ սեփականության իրավունքս գրանցելու համար ես գյուղապետարանից պահանջել եմ հողհատկացման եւ հողի արժեքի վճարման հիմքերը։ Ինձ տրվել է որոշումից քաղվածք եւ տեղեկանք։ Իմանալով, որ այդ փաստաթղթերի պայմաններում սեփականության իրավունքս չի գրանցվի, դիմել եմ դատարան»,- ներկայացրեց Ս. Ենգիբարյանը։

Այս տարվա մարտի 27-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է նրա սեփականության իրավունքը՝ հիշյալ 0.8 հա հողամասի նկատմամբ։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուն պես Ս. Ենգիբարյանը դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ իր սեփականության իրավունքը գրանցելու խնդրանքով, սակայն ամիսներ անց ստացել է օրենքից չբխող մերժման պատասխան: Վճռի կատարողական թերթը ներկայացրել է ԴԱՀԿ Տավուշի մարզային ծառայություն, սակայն առայսօր որեւէ պատասխան չի ստացել: «Փոխարենը ինձ կանչել ու օրինական ուժ ստացած եւ կատարման փուլում գտնվող վճռի կապակցությամբ հարցաքննել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա. Գեւորգյանը: Նոյեմբերի 23-ին, «հ2» հեռուստաընկերության երեկոյան լուրերից իրազեկվեցի, որ քրգործ է հարուցվել այն հիմքով, որ ես ու Գետահովիտի գյուղապետը հանցավոր համաձայնության ենք եկել կեղծ փաստաթղթեր կազմելու հարցում»,- հայտնեց Ս. Ենգիբարյանը:

Ըստ վերջինիս, Իջեւանի ստորաբաժանման ղեկավարի կողմից գրանցման ապօրինի մերժումը, ԴԱՀԿ ծառայության ապօրինի անգործությունը, Ա. Գեւորգյանի ակնհայտ շահագրգիռ հարցաքննությունը ինքնանպատակ չեն եղել ու նպատակաուղղվել են շուրջ 20 տարի իրենց ընտանիքի տիրապետման տակ գտնվող հողատարածքը խլելուն: Ի դեպ, դատարանի կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է այն հիմքով, որ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում են որպես սեփական գույք:

Ս. Ենգիբարյանը խնդրում է կանխել պատասխանատու դիրք գրավող պաշտոնյաների կողմից հասարակ գյուղացու ու ոստիկանի ընտանիքի գոյության միջոցը խլելու գործընթացը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել