Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼ ՀԱՎԵՍ ՉԿԱ, ԷԼ ՆԵՐՎԵՐ ՉԿԱ»-Ն՝ ԿՈ՞Չ

Դեկտեմբեր 05,2009 00:00

\"\"Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ապացույցների հետազոտման այս փուլում էլ ուսումնասիրվեցին 2008թ. մարտի 1-ի նկարահանված կադրերը: Դրանք ցուցադրվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից: Ի դեպ, դատարանում ակնարկվեց, որ տեսախցիկը ամրացված է եղել օպերայի շենքի հետնամասում՝ սյան վրա, եւ կառավարվել է հեռակառավարման վահանակով:

Սակայն այդ տեսանյութը դիտելիս, ինչպես պաշտպանական կողմը նկատեց, «Մեղադրող կողմը փորձում է այնպես անել, որ արդարացողի դերում լինենք»:

«Ես արդարանալու կոնկրետ բան չունեմ: Թող արդարանան նրանք, ովքեր հանցագործություն են կատարել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը վկայակոչեց Նիկոլի խոսքերից հետեւյալ հատվածը. «Տղերք, շատ առաջ մի գնացեք: Կանգնեք ձեր տեղում: Մի 200-300 հոգի առաջ մի գնացեք: Ամրացրեք ձեր դիրքերը: Մեր տղերքը գրավել են Պրոսպեկտի կամուրջը: Ժողովուրդ, էլ ներվեր չկա, հավես չկա»: Ըստ մեղադրողի, «Այս կոչի պատճառով էլ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները»:

Նկարահանված կադրերից նաեւ երեւացին իրավապահների կողքին կանգնած քաղաքացիական համազգեստով անձինք, ովքեր հանգիստ զինվում էին նրանց իսկ կողքին: Հայտնի է, որ իրավապահների եւ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներից եղել են նաեւ քաղաքացիական համազգեստով:

Ցուցադրված կադրերից մեկում երեւաց ընդհանրապես չդատված, թալանի գործով անցած Լավրենտի Գասպարյանը: Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց. «Միակ ճիշտն այն է, որ Լ. Գասպարյանը զբաղվել է թալանով»: Չնայած մեղադրողն այլ կարծիք հայտնեց ցուցադրված տեսանյութի կապակցությամբ. «Հաստատվեց Լ. Գասպարյանի ասածների հավաստիությունը»:

Հիշեցնենք, որ ապացույցների հետազոտումից հետո նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ցուցմունքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել