Նոյեմբերի 25-ին «Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Արմավիրի մարզում հավաքում են ծննդյան վկայական չունեցող եւ դպրոց չհաճախող երեխաների տվյալները՝ ընդհանուր պատկերը ստանալու եւ խնդիրը լուծելու համար: Լոռու մարզում վիճակը շատ ավելի լուրջ է:
Արմինե եւ Միլենա Ղազարյանները խնամատար ընտանիք են տեղափոխվել 2007 թվականի նոյեմբերին՝ ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնից: ՀՕՖ-ում ապաստանելու հիմնական պատճառը կացարան չունենալն ու հարբեցող հոր ձեռքից ազատվելն էր (ընտանիքի հայրը ծեծում էր կնոջն ու երեխաներին): Կենցաղային խնդիրներից զատ, 9-ամյա Արմինեն եւ 5-ամյա Միլենան մինչ օրս ծննդյան վկայական չունեն: Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների բաժինը համաձայնել է նրանց ուղարկել խնամատար ընտանիք, պայմանով, որ գոնե խնամատար ընտանիքը երեխաների վկայականի հարցը կլուծի: Խնամատար մայրը՝ Անահիտ Անտինյանը փորձել է իր ուժերով երեխաների համար ծննդյան վկայական ստանալ, բայց հանդիպել է խոչընդոտի: Երեխաների կենսաբանական մայրը՝ Ելենա Բերյոզովան, որ Լիտվայի քաղաքացի է, անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չունի (փաստաթղթերը կորցրել է հարբած վիճակում) եւ քանի որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատուն չկա, հարցին լուծում տալու համար երեխաների իրավունքների բաժինը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով է փորձում գործը գլուխ բերել:
Ծնողների փաստաթղթերի բացակայության պատճառով «ծննդական» չունեն Լոռու մարզի Ստեփանավանի՝ հունական Յաղդան եւ ռուսական Պրիվոլնոյե, Գուգարքի՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո ռուսական համայնքների երեխաները, նաեւ այլ համայնքների ներկայացուցիչներ: Փաստաթղթեր չունեցողների մյուս մասը փախստականներն են, ովքեր ընդհանրապես չեն ունեցել կամ ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց փաստաթղթերը եւ չեն ուզում ՀՀ անձնագիր ստանալ: Անփաստաթուղթ ծնողներ ունենալու պատճառով փաստաթուղթ չունեն նաեւ Սպիտակի շրջանի Շիրակամուտ, Արեւաշող, Ջրաշեն, Չոթուռ, Սարամեջ, Գեղասար գյուղերի երեխաները: 1988թ. երկրաշարժից հետո արխիվներ ու ծխամատյաններ չկան, միայն վերջերս կառավարության որոշմամբ այդ հարցը լուծում ստացավ. «Եթե կան երեխաներ, որ էս պահին վկայական չունեն, համենայնդեպս՝ ծնողներն անձնագիր ունեն ու հնարավորություն կա երեխայի համար փաստաթուղթ հանել»,- ասում է Գեղասարի գյուղապետ Ստասիկ Հովհաննիսյանը:
Իսկ Թումանյանի շրջանում մեծամասամբ ծնողի անփութության եւ տնային ծննդաբերությունների պատճառով է, որ երեխաները ծննդյան վկայական չունեն. «Էն ցուրտ ու մութ տարիներին հատկապես հեռավոր գյուղերում տնային ծննդաբերություններ շատ են եղել, գյուղացիներն իրենց հոգսերով տարված՝ ծննդական չեն հանել, իսկ ծննդական կարելի էր հանել միայն հարեւանի վկայությամբ, այժմ հարեւանները կամ մահացել են, կամ տեղափոխվել այլ բնակավայր, ու ստացվում է, միայն նպաստից օգտվելու դեպքում են ծնողները շահագրգռված երեխայի համար ծննդական հանել: Շատ դեպքերում էդ էլ չի օգնում: Ստեփանավանի շրջանի Կողես գյուղի Աթոյանների ընտանիքը 5 երեխա ունի, մայրը Վրաստանի քաղաքացի է եւ փաստաթղթեր չունի, երեխաները կարող են ծննդական ունենալ միայն հայրությունը ճանաչելով, շահագրգռում ենք, որ նպաստ էլ կստանաք, էլի ճար չկա»,- ասում է Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Լոռու մարզի 18 գյուղի 75 երեխա կարող էր դուրս մնալ պարտուսուցումից միայն ծննդյան վկայական չունենալու պատճառով: Դպրոցի տնօրենները առանց այդ էլ քիչ թվով աշակերտներին դպրոցից դուրս չթողնելու համար համաձայնել են առաջին դասարանցիներին ընդունել՝ ծնողին պարտավորեցնելով երեխայի վկայականի հարցը լուծել, սակայն նույն պայմանով դպրոց ընդունված արդեն բարձր դասարանցիներն անգամ «ծննդականներ» չունեն:
Անվկայական երեխաների թիվը պարբերաբար աճում է համայնքներում խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: «Ոչ մեկին մեղադրել չի կարելի: Միայն ծնողին: Դպրոցի տնօրենը լավագույն դեպքում կարող է չընդունել դպրոց, բայց պարտուսուցումից դուրս թողնելով հարցը չի լուծվի, նա ընդունում է՝ տեղեկացնելով համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը պարտավոր է ստիպել ծնողին: Հարցն այն է, որ հանձնաժողովների մի մասը ձեւական է, չի գործում, որովհետեւ համայնքն ի զորու չէ վճարել հանձնաժողովի անդամներին, իսկ հասարակական կարգով ոչ մեկը երկար չի աշխատի, բացի այդ՝ մասնագետ սոցաշխատողներ չկան: Ու նաեւ որոշ համայնքներում չկա բուժկետ, մանկապարտեզ, որպեսզի գոնե մինչեւ դպրոցահասակ դառնալը իմանան ծննդական չունեցող երեխաների թիվը»,- ասում է Նարեկ Սարգսյանը:
Լոռու մարզի 8 քաղաքներում ծննդյան վկայական չունեցողների թիվը մեծ չէ, բայց պատճառները նույնն են. «ծննդական» կամ ընդհանրապես փաստաթղթեր չունեն այն մարդիկ, ովքեր գյուղից են քաղաք տեղափոխվել եւ ապրում են տնակային ավաններում: Մարզկենտրոնում նրանք ապրում են ծայրամասերում՝ Բազում, Քիմիագործների եւ Լենինգրադյան թաղամասերում, զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ ու իրենց երեխայի համար ժամանակ չունեն:
Հ. Գ. 2007 թվականին Վանաձորի թիվ 25 դպրոցի աշակերտներից մեկը օլիմպիադայի պիտի մասնակցեր, բայց ծննդյան վկայական չուներ: Դպրոցի միջնորդությամբ «ծննդական» հանեցին, բայց ավելի ուշ՝ քան մրցույթն էր: