Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Ինքնուս խաչքարագործ Ալբերտ Բարխուդարյանը խաղաղության կոչ է անում եւ բողոքի ձայն բարձրացնում խաչքարերի միջոցով

Ջուղայի խաչքարերի ոչնչացման կադրերը հեռուստատեսությամբ դիտելուց հետո, էջմիածինցի արվեստագետ Ալբերտ Բարխուդարյանը հոգեկան ծանր ճգնաժամ է ապրել: Այնքան խորն է ընկալել տեսածը, որ ուշքի գալով՝ շտապել է թանգարաններ ու գրադարաններ՝ ձեռք բերելու համար այդ խաչքարերի լուսանկարները:

Որպես հայ մարդ ու արվեստագետ, իրեն պարտավորված է համարում վերականգնել ավելի քան 400 տարի առաջ մարդու ստեղծած եւ 21-րդ դարում մարդու արտաքինով չարագործի ձեռամբ ոչնչացած խաչքարերը: Ուրախանում է միայն այն փաստից, որ 70-ականներին Վազգեն Ա կաթողիկոսի ջանքերով Ջուղայի խաչքարերից մի քանիսը փրկվել ու տեղադրվել են Մայր աթոռի տարածքում: «Ոչնչացրածներից այնքանը կվերականգնեմ, որքան տարիներս կներեն: Արդեն հինգերորդն եմ փորագրում եւ, որքան էլ զարմանալի է՝ յուրաքանչյուրի վերածնունդից հետո մի տեսակ նոր էներգիա եմ ստանում: Այնպիսի զգացողություն ունեմ, ասես՝ վերածնվող խաչքարերն ինձ սնունդ են տալիս»,- «Առավոտին» փոխանցեց ինքնուս փորագրիչ Ալբերտ Բարխուդարյանը:

Մեր զրուցակիցը ներկայում վերականգնում է 1602 թվականին Գրիգոր վարպետի կերտած խաչքարը, որը էջմիածինցի փորագրիչի ձեռքի տակ ավելի շատ ասեղնագործության է նմանվում: «Բնօրինակն էլ է այսպիսին: Ճիշտ է՝ քարի վրա փոքր-ինչ այլ կերպ է նայվում, որովհետեւ, ի տարբերություն փայտի, քարը կոշտ նյութ է, բայց նույնն է գաղափարը: Իսկ ընտրել եմ փայտը, քանի որ տեղափոխությունների համար այն ավելի թեթեւ նյութ է»:

Ջուղայի խաչքարերի համար փորագրիչն ընտրել է տանձենու փայտը: Իր ստեղծած խաչքարերն էլ բնօրինակ խաչքարերից փոքր են 10 անգամ: Ասում է՝ հատուկ է այդպես արել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել խաչքարերի ցուցադրությունը համայն աշխարհում: «Իմ այս քայլով կոչ եմ անելու աշխարհի առաջավոր մարդկությանը պահպանել անցյալի մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից ու ազգային պատկանելությունից: Չի կարելի նորը ստեղծել անցյալը ոչնչացնելու գնով: Իսկ եթե այդ ոչնչացումն ուղղակի ազգամիջյան դրդապատճառներ ունի, առավել եւս ներելի չէ: Չէ՞ որ մշակույթը ազգություն ու կրոն չի ճանաչում, չի ենթարկվում քաղաքական ինտրիգների: Սա մի ոլորտ է, որտեղ բոլորը բոլորի հետ հարաբերվում են մեկ լեզվով՝ մշակույթի լեզվով»:

Ալբերտ Բարխուդարյանը մշակութային երկխոսության մասին հաճախ է լսում, բայց չի հասկանում դրա իմաստը: «Երբ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ պատմամշակութային արժեքներ են ոչնչացվում, իսկ երկխոսությունն իրականացնողները այդ բարբարոսությունը կանխելու համար գործուն միջոցներ չեն ձեռնարկում, չեմ հասկանում, թե ինչի է ծառայում այդ երկխոսությունը: Ինձ սխալ չհասկանաք. դեմ չեմ, որ մշակութային երկխոսություն լինի: Օրինակ, վերջերս, Էջմիածնում իրանական մշակույթի հետ մի այդպիսի երկխոսության էլ ինքս մասնակցեցի ու հասկացա, թե որքան կարեւոր է շփումը այլազգի ստեղծագործողների հետ: Պարզապես, իմ կարծիքով՝ դրա տակ չպետք է հասկանանք սոսկ բարեկամ երկրների հետ մշակութային փոխհարաբերությունները: Միջնորդ պետությունները պետք է կարողանան այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վատ հարեւան լինելով հանդերձ, բարբարոս ձեռքը չհանդգնի ոտքի տակ առնել դրացի ժողովրդի ստեղծածը: Մենք կարողանում ենք, չէ՞, մզկիթի կողքով առանց ատելության անցնել»:

Խաչքարերը վերականգնելիս, վարպետ Ալբերտն աշխատում է այդ ամենի մասին չմտածել. զայրույթից ձեռքը բռունցքվում է եւ թույլ չի տալիս աշխատել: Ձգտում է՝ որքան հնարավոր է, հեռու վանել զայրույթ առաջացնող մտքերը եւ զգալ փայտի ջերմությունը, «զրուցել» փայտի հետ եւ նոր մարմին ու շունչ տալ դրան:

Թեեւ կարող էր խաչքարերը վերականգնել քարի վրա, բայց ընտրել է փայտը, որովհետեւ այդ նյութը հնարավորություն է տալիս զգալ ու հաղորդել լույսն ու ստվերը: «Ես այս խաչափայտերին նաեւ հարատեւ կյանք եմ տալու. դրանք մշակելու եմ հատուկ եղանակով, որպեսզի ոչ միայն չկորցնեն իրենց փայլն ու գրավչությունը, այլեւ՝ ձեռք բերեն բուժիչ հատկություն: Նախադեպն ունենք հայկական գորգարվեստում, երբ միայն հայ գորգագործին հայտնի եղանակով մշակված գորգերն ու կարպետները ոչ միայն չեն գունաթափվել, այլեւ՝ դրանց վրա պառկելով հիվանդներ են բուժվել»:

Փատյա խաչքարերը մշակելու իր եղանակի մանրամասները վարպետը «Առավոտին» չպատմեց: Միայն ասաց, որ դրանք մշակելու է խնկով եւ մեղրամոմով, որոնք լավագույն հակաբորբոքիչներ են:

Նա վստահ է, որ երբեւէ իր վերականգնած մանրակերտերը կմարմնավորվեն քարի մեջ ու կլրացնեն հայկական մշակույթի ոչնչացված մի հատվածի առայժմ բաց մնացած տեղը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել