Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրարից հետ չմնալու համար՝ խաբում են սպառողին

Դեկտեմբեր 05,2009 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ» ընկերությունների բաժանորդներն իրենց խաբված են զգում:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ» ընկերությունը ազդարարեց, որ գերարագ ինտերնետային կապի ոլորտում լինելու է առաջատար: Որպես նորամուծություն, «Օրանժը» առաջարկեց «Ինտերնետ հիմա» ծառայությունը, որը տրամադրվում է հատուկ մոդեմի միջոցով:

Ընկերությունը հայտարարեց նաեւ, որ մեկ տարով ապահովագրվելու եւ ամսական 9 հազար դրամ վճարելու դեպքում՝ մոդեմը կվաճառվի 1 դրամ սակագնով, հակառակ դեպքում՝ այն ձեռք բերելու համար պետք է վճարել 35 հազար դրամ: Մինչ այս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւս ուներ նման ծառայություն: Խոսքը «ՄՏՍ կոնեկտ» կանխավճարային եւ հետվճարային փաթեթների մասին է, որոնց արժեքը հասնում էր մինչեւ 25 հազար դրամի: «Օրանժի» 1 դրամանոց մոդեմների ներդրումից հետո, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը որոշեց հետ չմնալ եւ իր բաժանորդներին եւս հնարավորություն ընձեռել 1 տարով բաժանորդագրվելու եւ ամսական 8800 դրամ վճարելու դեպքում անվճար ձեռք բերել «ՄՏՍ կոնեկտը»՝ անսահմանափակ ինտերնետի հնարավորությամբ:

Առողջ մրցակցությունը, անշուշտ, դրական երեւույթ է: Սովորաբար դրանից շահում են միայն սպառողները: Սակայն սա այդ դեպքը չէ:

Մոտ 10 օր առաջ շրջելով մայրաքաղաքի տարբեր մասերում տեղակայված 2 ընկերությունների մեկ տասնյակից ավելի գրասենյակներ, պարզեցինք, որ նման մոդեմ գոյություն չունի: Մասնավորապես, Նորքի 2-րդ զանգվածում՝ հարեւանությամբ գտնվող «Օրանժի» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետերում, մեզ պատասխանեցին, որ մոդեմները վերջացել են, բայց հավաստիացրին, որ մոտ մեկ շաբաթից անպայման կլինեն, առաջարկեցին հերթագրվել ու սպասել: Երեկ դարձյալ, 1 դրամով մոդեմ ձեռք բերելու մտքից ոգեւորված՝ այցելեցինք մի քանի սպասարկման կետեր: Նույն աշխատակիցները, նույն բարեհամբույր ժպիտով ասացին, որ «10 օրից անպայման կլինի, հիմա վերջացել է»: Բնականաբար, չեն վերջացել «Օրանժի»՝ 35 հազար դրամ արժողությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ 25 հազար դրամանոց մոդեմները: Բոլոր սպասարկման կետերում դրանք դրված են ազատ վաճառքի:

2 ընկերությունների գովազդային հոլովակները օրական մի քանի անգամ տարբեր հեռուստաալիքներով ազդարարում են, որ սպառողները գերարագ ինտերնետին միանալու բացառիկ հնարավորություն ունեն: Գուցե կարելի է գովազդի վրա ծախսվող գումարն ավելի՞ արդյունավետ օգտագործել, կամ, ասենք, սպառողներին խաբելու եւ սպասարկման կետեր հրավիրելու փոխարեն՝ նույն հոլովակների միջոցով նրանց տեղեկացնել, որ «Կներեք, մոդեմները սպառվել են: Խնդրում ենք անտեղի չոգեւորվել եւ սպասարկման կետերում անիմաստ հերթեր չստեղծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել