Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ

Դեկտեմբեր 05,2009 00:00

\"\"«Առավոտի» հետ հարցազրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ոչխարների արտահանումը խթանում է մեր երկրում ոչխարաբուծության զարգացումը:

– Պարոն Ալավերդյան, հայտնի ասացվածքն ասում է՝ ճտերն աշնանն են հաշվում: Աշունն ավարտվեց, եւ, կարծում եմ, Դուք արդեն հստակ ունեք բոլոր հաշվարկները՝ ամփոփելու համար տարվա արդյունքները: Ինչպիսի՞ն էր անցնող տարին մասնավորապես խաղողագործության համար:

– Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, այս տարի խաղողի բերքը 25 հազար տոննայով ավելի էր, քան՝ անցած տարի: Այս տարի մենք անգամ մեկ կիլոգրամ խաղողի կորուստ չենք ունեցել: Այսինքն՝ մթերող կազմակերպությունները մինչեւ վերջ իրենց դռները բաց են պահել գյուղացիների առջեւ: Ստացված 210 հազար տոննա բերքից 137 հազարը մթերվել է: Ընդ որում, ողջ բերքի 50%-ը մթերվել է երկու կազմակերպության կողմից՝ Երեւանի կոնյակի գործարանի եւ Երեւանի գինու, օղու, կոնյակի «Նոյ» կոմբինատի կողմից՝ կիլոգրամը 130 դրամով, համապատասխան պայմանագրային պարտավորությունների:

– Սակայն մթերման հետ կապված եղան նաեւ բազմաթիվ դժգոհություններ, մասնավորապես՝ Արարատի մարզի գյուղացիների կողմից:

– Ձեր կողմից մատնանշված բողոքները վերաբերել են բերքի շատ փոքր քանակի, որն իր որակական հատկանիշներով՝ շաքարի պարունակությամբ, ուղղակի չէր համապատասխանում չափանիշներին: Դա նույնն էր, որ կանաչ լոլիկից ստիպեին ստանալ տոմատ: Եվ, այնուամենայնիվ, ընդառաջելով գյուղացիների խնդրանքին, այդ բերքն էլ մթերվեց 70- 80 դրամով, թեեւ դա, ըստ էության, մթերող գործարաններին պետք չէր: Մնացած բոլոր դեպքերում մթերման գները տատանվել են՝ սկսած 90- ից մինչեւ անգամ 200 դրամ՝ «արենի» խաղողի համար:

– Իսկ վճարումների հետ կապված արդյո՞ք մթերող կազմակերպություններն իրենց պարտավորությունները ժամանակին են կատարել:

– Այս տարի մթերողները գյուղացիներին պետք է վճարեին մոտ 14 միլիարդ 735 միլիոն դրամ, որից 12 միլիարդ 652 միլիոնը նոյեմբերի վերջի տվյալներով արդեն վճարված է, մնացել է 2 միլիարդ դրամ, որն էլ մինչեւ տարեվերջ կվճարվի՝ համաձայն մթերողների հետ կնքած պայմանագրերի: Այնպես որ, կարող եմ անգամ ասել, որ մթերողները վճարման ժամանակացույցից նույնիսկ առաջ են ընկել:

– Պարոն Ալավերդյան, նախորդ տարի լուրջ խնդիրներ եղան նաեւ կարտոֆիլի իրացման հետ կապված: Գյուղացիների գերակշիռ մասը չկարողացավ իրացնել իր մշակած կարտոֆիլը, քանի որ Վրաստանն արգելեց հայկական կարտոֆիլի ներմուծումը: Ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ:

– Այո, անցյալ տարի մենք ունեցանք կարտոֆիլի արտահանման հետ կապված որոշակի դժվարություններ, քանի որ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրեց մեզնից կարտոֆիլի գնումը: Սակայն այլեւս այդ խնդիրը չկա, եւ արդեն 4700 տոննա կարտոֆիլ արտահանվել է Վրաստան: Առաջիկայում մենք ծրագրում ենք կարտոֆիլ արտահանել նաեւ այլ ուղղություններով: Մասնավորապես, օրերս մեր կողմից նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության հետ՝ առաջիկայում այդ երկիր անսահմանափակ քանակությամբ կարտոֆիլ արտահանելու մասին: Ներկայումս այդ ուղղությամբ ընթանում են նախապատրաստական՝ գնային եւ տեսականու հետ կապված հստակեցման աշխատանքներ, եւ, կարծում եմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք Իրանով դեպի Թուրքմենստան կարտոֆիլ արտահանել: Նշեմ, որ Իրանի ճանապարհով ընդամենը մեկ օր հետո մեր ապրանքն արդեն կհասնի Թուրքմենստան: Իսկ թուրքմենական շուկան շատ մեծ պահանջարկ ունեցող շուկա է:

Բացի այդ, մենք արդեն կառավարությանն ենք ներկայացրել կարտոֆիլի վերամշակման հայեցակարգ եւ այսօր արդեն նաեւ այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի ստեղծենք վերամշակող ձեռնարկություններ եւ տեղում ստանանք կարտոֆիլի փոշի, օսլա, սպիրտ եւ այն: Ինչ վերաբերում է այս տարի ստացված բերքին, ապա այն կազմում է 650 հազար տոննա, գրեթե նույնքան, որքան անցյալ տարի: Եվ մենք արդեն մեր ձեռքի տակ ունենք բոլոր տվյալները՝ մարզ առ մարզ, թե որտեղ որքան բերք կա եւ որքան ավելցուկ կարող է լինել:

– Պարոն նախարար, եթե կարտոֆիլի դեպքում կա մթերքի ավելցուկ, ապա նույնը չի կարելի ասել գյուղատնտեսության մեկ այլ ճյուղի՝ ոչխարաբուծության մասին: Ոչխարապահները, մասնավորապես եզդիները, վերջին շրջանում ահազանգում են, որ ոչխարների նման քանակի արտահանումը կարող է հանգեցնել մեր երկրում ոչխարաբուծության վերացմանը: Նախարարության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ոչխարների արտահանման ծավալները վերահսկելու կամ սահմանափակելու ուղղությամբ:

– Բայց ինչո՞ւ սահմանափակել: Ընդհակառակը, պետք է ավելացնել: Եթե մենք ունենք այդ ապրանքի պահանջարկը, ուրեմն պետք է արտադրենք: Խոսեմ թվերով. 2009- ին Հայաստանում մենք ունեցել ենք 590 հազար գլուխ ոչխար: Արդեն նույն թվականի օգոստոսին այդ թիվը հասել է 712 հազարի, որից 500 հազարը մայրական կազմն է: Եթե յուրաքանչյուր էգ ծնի մեկական ձագ, իսկ սովորաբար լինում են երկուսը եւ ավելին, ապա մենք տարեկան կունենանք 500 հազար գառ, որի մոտ կեսը իրացման ենթակա արու գառներ են: Իսկ այդ շուկան մենք չունենք, ուստի ավելացնելով արտահանումը, մենք ոչխարաբուծության զարգացման համար շատ լավ հնարավորություն ենք ստեղծում: Ոչ մի տարի մեր գյուղացիները ոչխարաբուծությունից նման եկամուտ չեն ստացել: Այս տարի մենք արտահանել ենք 110 հազար գլուխ գառ: Եթե միջին գնով հաշվենք մեկ գառի գինը՝ 35- 40 հազար դրամ, ապա դա կազմում է 3,5- 4 միլիարդ դրամ: Այսինքն, այս 5- 6 ամսում մեր գյուղացիներն իրենց գառները վաճառելով՝ ստացել են 4 միլիարդ դրամի եկամուտ: Մի՞թե դա խրախուսելի չէ: Նշեմ նաեւ, որ իմ կողմից կա հստակ հրաման, որ արտահանվեն միայն արու գառներ:

– Բայց տեսակետ կա, որ գառան մսի գինը բարձրացել է շուկայում այն պատճառով, որ գառների քանակն է նվազել:

– Ոչ, բարձրացել է այն պատճառով, որ պահանջարկն է մեծացել: Այդ գառները, որ վաճառվում են շուկայում, ո՞վ է դրանից եկամուտ ստանում՝ մեր գյուղացին: Ուրեմն, թող ավելի շատ եկամուտ ստանա մեր գյուղացին: Եվ եթե ես ու դուք էլ ուզում ենք գառ ուտել, այո, պետք է թանկ վճարենք, որ ուտենք:

– Իսկ այն մտավախությունները, որ չվերահսկվող արտահանման հետեւանքով հանրապետությունում գառան գլխաքանակը կարող է սպառվել, ըստ Ձեզ անհի՞մն են:

– Այո: Այդ տեսակ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արվում են մարդկանց այն խմբերի կողմից, որոնց համար մինչ այդ ոչխարաբուծությունը մենաշնորհ էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել