Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏԸ ՉԻ ՎԱԽԵՑԵԼ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Այն բանից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանը թիվ 10 ընտրատարածքում իր մրցակից Դավիթ Հակոբյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնեց, «Կենտրոն» հեռուստաընկերությունը որոշեց բանավեճի տրամադրել նրանց, ինչպես նաեւ ընտրատարածքի երրորդ՝ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ հավակնորդին: Մարքսիստ Դավիթ Հակոբյանը քաղաքական հրավերը չի ընդունել հետեւյալ հիմնավորմամբ. «Երեք հավակնորդ + լրագրող կվարտետը եթե բաժանենք հաղորդման տեւողությանը՝ 30 րոպե, ստացվում է 5-6 րոպե, որի ընթացքում չի ստացվի ծրագրային նյութ հաղորդել: Այդտեղ ակնկալվում էր կոմպրոմատային մարտավարություն, ոչ թե գիտական բանավեճ եւ վերլուծություն: Նաեւ՝ մենք՝ մարքսիստներս, քաղաքական, գաղափարական անկայուն համոզմունքների տեր տարրերի, գաղափարական մետամորֆոզով (կերպարանափոխությամբ- Ն. Գ.) տառապող, պատեհապաշտ քաղաքական գործամոլների հետ մեջլիս չենք մտնում: Նա մտավ քաղաքական արենա՝ որպես հավատարիմ դեմիրճյանական, քաղաքական պատեհապաշտությամբ երկրորդ անգամ մտավ պառլամենտարիզմի ինստիտուտ՝ իբրեւ գեղամյանական՝ այս անգամ էլ ձոներ կապելով Արտաշես Մամիկոնիչի եւ նրա «Ազգային միաբանության» մասին: Հետո էլ Բաբայան Սամվելի պոչը բռնեց: Բայց իր գործունեության 10 տարիների ընթացքում պառլամենտարիզմի ինստիտուտին նա այդպես էլ ոչինչ չտվեց՝ ոչ սոցիալիզմի, ոչ իմպերիալիզմի, ոչ էլ գոնե քաղաքագիտության բնագավառում: Կարդալ Մարքսին դեռ չի նշանակում ընկալել մարքսիզմը կամ կարողանալ այդ գաղափարախոսությունն օգտագործել ժամանակակից պայմաններում՝ նոր ազգային դոկտրինա ձեւավորել»: «Առավոտի» դիտարկմանը՝ ճիշտ չէ՞ր լինի մեկ անգամ հրապարակային բանավիճեիք, այդ ամենն իրեն ասեիք եւ առաջ անցնեիք, մարքսիստը պատասխանեց. «Հինգ րոպե եթեր, այն էլ՝ քաղաքական դիսկուսիայի սպասարկման կուլտուրայի բացակայության պարագայում, լուրջ չէ: ԱՄՆ-ում արբիտոր-լրագրողը միեւնույն հարցը եւ պատասխանի միեւնույն ժամանակով տալիս է բանավիճողներին: Մենք նման կուլտուրա չունենք: Եթե ինձ պատրաստ են տրամադրել մեկ ժամանոց բանավեճ՝ այս կուլտուրայով, խնդրեմ, թեկուզ նախագահի հետ: Ես Հմայակի դիմակը պատռելու նպատակ չեմ հետապնդում, հասարակությունը նրան լավ գիտի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել