Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ

Դեկտեմբեր 05,2009 00:00

ՌԴ կոմունիստական կուսակցությունը կուսակցության հայրերից Իոսիֆ Ստալինի ծննդյան 130-ամյակին նվիրված հուշամեդալներ է թողարկել՝ Ստալինի դիմանկարով: «Առավոտի» այս տեղեկությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությունում հաստատեցին: Ի դեպ, մասնագետները կարծում են, որ դրանք իրենց շքեղությամբ համարվում են մեր օրերի լավագույն մեդալներից: Քույր կուսակցությանը՝ ՀԿԿ-ին, ՌԴ կոմկուսը տրամադրել է 300 մեդալ, որոնցով պարգեւատրվել են եւ դեռ կպարգեւատրվեն ՀԿԿ ղեկավար կազմի եւ շարքային անդամները՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման եւ կոմունիստական կուսակցության կազմավորման 79-րդ տարեդարձի առիթով: Եղել են նաեւ հետմահու պարգեւատրումներ՝ Օրբելի եղբայրներ, Միկոյաններ, Ալիխանյան եղբայրներ, Բաղրամյան, Բաբաջանյան, Նելսոն Ստեփանյան եւ այլք: Հետմահու շնորհված մեդալները կհանձնվեն պատմության եւ անձնական թանգարաններ: Ի հեճուկս առկա հակաստալինյան տրամադրությունների, կոմկուսում այսօր մեծարում են նրան որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրում կարեւոր դեր խաղացած մարդու՝ մատնանշելով նրա լուրջ մտադրությունները Արեւմտյան Հայաստանը հայերին վերադարձնելուն ուղղված, ինչպես նաեւ՝ 1947-48թթ.-ին Հայաստանի տարածքից ադրբեջանցի բնակչության տեղափոխման, այդ տարածքները հայ ազգաբնակչության տրամադրությանը հանձնելու եւ այլնի համար: Կոմունիստները վրդովված են ՀՀ իշխանությունների՝ ՀՀ երկրորդ հանրապետության օրվա նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից: Անպատասխան են մնացել օրն իբրեւ տոն վերականգնելու կոմկուսի բոլոր դիմումները պետական եւ հանրային ատյաններին: «Այն իշխանությունները, որոնք մոռանում են իրենց երկրի 70 տարիների ծաղկման ընթացքը, ապագա ունենալ չեն կարող»,- համոզված է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել