Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնանպատակ հրաժարական չենք գոչում»

Դեկտեմբեր 05,2009 00:00

\"\"Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ իրենց պայքարը լինելու է «հանունի» եւ ոչ «ընդդեմի»

– Ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու համար:

– Մենք այդպիսի ջանք ու եռանդ չենք դրսեւորել, որ այդպիսի հարց առաջանա: Պարզապես մենք մեր կենսագրությունն ունենք, մեր հարաբերությունների դաշտն ունենք եւ այդ հարաբերությունների բնույթի առումով տարբերություններ ունենք: Ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ երկարատեւ համատեղ աշխատանքի տարիներ: Տասը տարի մենք պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին եւ քաղաքական ուղեգծի պահպանման առումով մենք դրա համար չենք զղջում: Ազգային-պետական քաղաքական ուղեգիծը 98-ին Ռոբերտ Քոչարյանի միջոցով հնարավոր եղավ շտկել, այնուհետեւ դա պաշտպանել, եւ այսօր երբ ասում են, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում իբրեւ Ռոբերտ Քոչարյանի կատարածի շարունակություն, դրան պատասխանեցին հենց Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած մարդիկ, ովքեր այս պրոցեսի մեջ եղել են ամբողջությամբ: ԱԳ նախարարը դրա մասին խոսեց: Ի՞նչ շարունակության մասին կարող է խոսք լինել, երբ ուղեգիծն է փոխվել, ուղղությունն է փոխվել:

– Ինչո՞ւ եք կարծում, որ հասարակությունը եւ քաղաքական ուժերը կկանգնեն Դաշնակցության կողքին:

– Կարծում եմ, որովհետեւ սա պայքար է լինելու հանունի, մենք ընդդեմի խնդիր չունենք, աթոռակռվի հարց բացարձակապես չկա, եւ հենց դրա համար էլ շատ զգույշ ենք մեր բոլոր արտահայտությունների մեջ: Ինքնանպատակ հրաժարական չենք գոչում: Անհասկանալի է էն մի ուժը, որը հրաժարական է գոչում (նկատի ունի ՀԱԿ-ին- Մ. Ե.), բայց ուզում է, որ այս ուղեգիծը չփոխվի: Ինչի՞ ես հրաժարական պահանջում, մյուս կողմից էլ՝ խրախուսում ես այն քայլերը, որ արդեն սկսվել են այս հարաբերություններում: Այսինքն՝ կողմ է, որ գործընթացը շարունակվի: Ինքն ամեն ինչ անում է, որ չխանգարի, դե, էդ դեպքում մի էլ պահանջիր հրաժարական: Իսկ մենք ասում ենք՝ չենք պահանջում հրաժարական, որպեսզի նա (նկատի ունի ՀՀ նախագահին- Մ. Ե.) դուրս գա այս պրոցեսից: Էս է տարբերությունը: Հիմա, ո՞րն է ավելի ճիշտ եւ քաղաքական առումով ավելի տրամաբանված: Ինքը ասում է՝ ես հրաժարական եմ պահանջում, բայց, այնուամենայնիվ, շարունակիր գործը: Որ ի՞նչ: Որ ինքը հետո գա սպիտակ ձեռնոցներով, մատը մատին չտա՝ համաձայնությունները չեղյալ հայտարարելու համար: Հետո էլ ասի՝ «դե, ես ի՞նչ կարող եմ անել, ես փաստի առաջ եմ կանգնել»: Իսկ մենք ասում ենք՝ իշխանափոխությունից հետո պիտի գա նա, ով պատրաստ է չեղյալ հայտարարել գործընթացը:

– Դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ հնարավոր է իշխանափոխություն։

– Այո, ես հավատում եմ մեր ժողովրդին, մեր ժողովուրդը պարզապես իրազեկված չէ, տեղեկացված չէ այս վտանգների մասին: Մեր հանդիպումները մարզերում դա են ցույց տալիս: Մարդկանց իսկապես թվում է, որ այս արձանագրությունների մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ հեռուստատեսությամբ եւ մամուլով միակողմանի քարոզչություն է գնում: Ուրեմն ժողովրդի հետ հատ-հատ պետք է նստել եւ բացատրել: Ես չեմ զլանում այդ բանն անել: Այո, սա մի գործ է, որը տքնաջան եւ ամենօրյա աշխատանք է պահանջում: Ստորագրահավաքը, որ սկսել ենք, հենց այդ նպատակն է հետապնդում։ Կարող է այդ ստորագրահավաքին չանսա պատգամավորը, բայց ստորագրահավաքի միջոցով ժողովուրդը կզգա հարցի կարեւորությունը. դա արդեն շատ կարեւոր է հետագայում իշխանափոխության հասնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել